Ռոբերտ Մարգարյանն իր էջում գրում է.
«ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների հետ կապված քաղաքական չորս ուժերի բողոքի գործով կայացրած 87 էջանոց որոշումը:
Մասնագետները առիթ կունենան քննարկելու հրապարակված որոշման մանրամասնությունները: Ինձ մասնավորապես հետաքրքրում է հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում նույն անձի պաշտոնավարումը շարունակվելու հարցի կապակցությամբ ՍԴ-ի ներկայացրած հիմնավորումները (գլուխ 10.4, էջ 48-52):
ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ «Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ժողովրդաիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների առանցքային կարևորության առումով Հանրապետության վարչապետի ինչպես պաշտոնում նշանակման, այնպես էլ այդ պաշտոնում պաշտոնավարման շարունակականության և դադարեցման հարցերը ենթակա են քննարկման ժողովրդավարության պաշտպանության սահմանադրական կարգավորումների և դրանց հիմքում ընկած սկզբունքների և նպատակների համատեքստում» (էջ 50)։
Պարզ նախադասությամբ ասած ՍԴ-ն կրկնել է դատաքննության ժամանակ դատավոր Վահե Գրիգորյանի ներկայացրած այն հիմնավորումը, որ ելնելով ժողովրդի իշխանության սկզբունքներից քանի, որ վարչապետի ընտրությունը կատարվել է ժողովրդի միջոցով հետևաբար տվյալ անձն իրավունք ունի հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով:
ՍԴ-ի որոշումն առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, սակայն իր խորքում հանգեցնում է խիստ կարևոր հակասության:
Եթե ժողովրդի ձայներով ընտրված ու ժողովրդի իշխանության խտացումը համարվող ԱԺ-ն յոթնօրյա կտրվածքով երկու անգամ նույն անձին վարչապետ չի ընտրում, այլ խոսքով մերժում է նրա թեկնածությունը, ինչպե՞ս կարելի է նույն անձի պաշտոնավարման շարունակվելը համարել ժողովրդի իշխանությունից բխող հետևանք:
Հ. Գ. Խորհուրդ կտամ որպես փաստարկ չներկայացնել ԱԺ-ի կողմից թեկնածուի մերժման ձևական բնույթ կրելը, քանի որ այդ դեպքում ամբողջությամբ հարցականի տակ է գնում ԱԺ-ն ժողովրդի իշխանության խտացումն ու դրսևորումը համարվելու սկզբունքը:
ՍԴ-ի որոշման հղումն այստեղ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.markarian/posts/10208839045649698