Արդեն 9 օր է, ինչ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Զինծառայողներից դեռ տեղեկություն չկա: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հաղորդեցին գերատեսչությունից։
Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը «Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը: Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը նույնպես քննարկվում է»,- տեղեկացրեցին նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն։