ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է հուլիսի 22-ի ցերեկը Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների բախման տեսանյութը։
Ըստ հաղորդագրության` Վանաձորի 35-ամյա բնակչի վարած «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան իրականում պայթել է ոչ թե մաքսատան մոտ կայանած բեռնատարի հետ բախվելու հետևանքով, ինչպես հաղորդվել էր երեկ, այլ երթևեկելու պահին։
«Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,– հայտնում է ՔԿ–ն։
Տեսանյութում հստակ երևում է, որ արդեն պայթյունից հետո ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվում է բեռնատարին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):
Նախաքննությունը շարունակվում է: