Կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Գեղարքունիքում: Սյունիքում էլ մարտական հերթապահություն իրականացնողները պնդում են, որ թշնամին Սյունիքում եւս զորքեր է կուտակում։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այս գիշեր իրենց մոտ միջադեպեր չեն եղել, սակայն համայնքի կամավորականները պատրաստ սպասում են հրամանի։
«Միջադեպեր չեն եղել։ Մենք էլ ժամը հինգից համար մեկ պատրաստության վիճակում ենք։ Նորմալ է, արտառոց դեպքեր չեն գրանցվել։
Համայնքի կամավոր տղաները կազմ-պատրաստ սպասում են՝ հրահանգ, հրաման ստանալու դեպքում պատրաստ ենք ցանկացած հրաման ի կատար ածելու»,- ասաց համայնքապետը։
Հարցին՝ ադրբեջանական կողմից կուտակումներ նկատում են, նշեց, որ լուրջ շարժեր չկան։
«Լուրջ կուտակումներ չկան, բայց դե շարժեր-մարժեր կան, ռազմական փորձագետները կարող են նայել, ասել։ Բնակիչների մոտ էլ խուճապ չկա, ամեն ինչ, նորմալ է , հանգիստ է, սպասում ենք»։
Գորիսում այս պահին իրավիճակը ևս հանգիստ է, «Փաստինֆո»-ին հայտնեց փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ հավելելով, որ միջադեպեր չեն գրանցվել։
«Սյունիքի մարզի այլ հատվածների մասին հստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց Գորիսի մասով կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է, որևէ միջադեպեր չկան, որևէ խնդիր այս պահի դրությամբ, փառք Աստծո, չունենք»։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթացել են տեղային մարտեր, հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Աղբյուր` Փաստինֆո