Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին ժամանակներում, Արցախում հաճախակի են գրանցվում կիբերհանցագործության դեպքերը:
«Արտասահմանյան հակերների կողմից գումար շորթելու նպատակով մեր քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել տարբեր խաղարկությունների և քվեարկությունների՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական կայքում:
Կեղծ խաղարկության կամ քվերակության ավարտին հանցագործները առաջարկում են տրամադրել մասնակցի սոցիալական էջի անձնական տվյալները: Ստանալով կայքեջի ծածկանունն ու գաղտնաբառը հանցավորի կողմից ապօրինի կերպով ձեռք է բերվում տվյալ անձի կայքէջը: Հաջորդ քայլով հանցավորը տվյալ անձի կայքէջի հետ կապված որևէ ծանոթի միջոցով, ապօրինի տիրացված կայքի վերականգնման նպատակով, տուժողին առաջարկում է վճարել տարբեր չափերի գումարներ, ինչը պարտադիր կերպով պահանջում է կատարել «Քիվի ուոլլեթ» էլէկտրոնային դրամապանակով:
Վարչության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, կրկին հորդորում է չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, սոցիալական ցանցերում այլ անձանց չտրամադրել անձնական տվյալներ և չմասնակցել կասկածելի ծագում ունեցող խաղարկությունների կամ քվեարկությունների:
Նման իրավիճակներում հայտնվելու ժամանակ անհապաղ դիմեք տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին»: