Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը
Advertisement 1000 x 90

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը

ՀՀ կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Օրինագծով առաջարկվում է մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը: Նրանց համար կներդրվեն նաև առաջադիմության առանձին ցուցանիշներ։

«Նախագծի ընդունման դեպքում ենթադրվում է, որ այս տարի որոշակի առաջադիմության դեպքում մասնակի փոխհատուցում կստանան բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 4 հազար ուսանողներ», – ասաց Թռչունյանը:

2022 թվականին նման ուսանողների թիվը կկազմի 6800, 2023–ին ՝ 6000, 2024–ին ՝ 4600։

Այժմ նման արտոնություններից օգտվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչները, սահմանամերձ համայնքների ուսանողները։

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ համապատասխան փոփոխությունները նախատեսված են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծում, որն այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանում, և անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի սպասում քննարկման արդյունքներին, որոնք պետք է հայտնի դառնան օրերս։

Փոխնախարարը նշեց, որ քննարկումը կարող է ձգձգվել, ուստի մինչև սեպտեմբեր պետք է համապատասխան կարգավորումներ ունենալ։

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։