Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս։ Գորիսում փոքրիկին սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:
«Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առնչությամբ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ, թե երեխան ինչից է տուժել։