…Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես:
Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
1999 թ.
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի