
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է սոցիալական ցանցում հրապարակված ահազանգին։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն` ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն օրերս իր էջում հայտնել է, որ Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին անտառաբու է եղել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք, անտառային թռչնին բռնած քաղաքացի Հ.Մ.-ի բնակարան, որտեղ հայտնաբերել են թռչնին։
Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է թռչնին բնության գիրկը վերադարձնելու տեսանյութը։
Անտառաբուն բվերի ընտանիքի քիչ տարածված, հազվագյուտ թռչուն է։
Հայաստանում հանդիպում է հյուսիսային մարզերի անտառապատ տարածքներում։