Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ։
31 տարի առաջ, երբ ընդունվում էր Հայաստանի Անկախության հռչակագիրը ողջ հասարակությունն ապրում էր երազանքով և հուզմունքով։ Հայ ժողովուրդը վերստին Անկախ պետականություն կերտելու հնարավորություն էր ստացել։ Արցախյան շարժման ոգևորիչ ուժը, մարդկանց միասնությունը բոլորին մղում էր հաղթանակի, ոչինչ էին թվում բոլոր կարգի դժվարություններն ու արգելքները։
Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ պետականության կերտման ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դավադիր թշնամիների ձեռքում, ովքեր կկործանեն բոլորի վաստակն ու հաջողությունները, Հայրենիքը կհանձնեն թշնամուն, կկոտրեն հասարակության ողնաշարը, կքայքայեն մեծ դժվարությամբ ստեղծված պետական և հանրային մյուս բոլոր ինստիտուտները, կհեղինակազրկեն երկիրը և նորից մեզ կկանգնեցնեն պետականության կորստի վտանգի առջև։
Անկախության հռչակագրի ընդունման օրը միակ բանը, որ կարող էին անել օրվա ապիկար իշխանավորները վաստակաշատ բժշկին և Ազգային ժողովի պատգամավորին ապօրինաբար կալանավորելու որոշում կայացնել էր։ Այս լրատվությամբ է բացվել Անկախության օրվա առավոտը Հայաստանում»։