Նարեկ Մալյանին մեղադրում են սորոսականների և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի համար. գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Նարեկ Մալյանին մեղադրում են սորոսականների և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի համար. գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը. pastinfo.am

Սորոսականների և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար «ՎԵՏՕ» հասարակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցված գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի և 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ գործի նյութերի՝ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:

Բացի այդ, Նարեկ Մալյանը, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը:

Նարեկ Մալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը դատարան մուտք է եղել օգոստոսի 20-ին և նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին։

pastinfo.am