Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում. pastinfo.am

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը դատարան մուտք է եղել օգոստոսի 23-ին և նույն օրը մակագրվել դատավոր Գասպարյանին։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել համայնքի բնակիչներին համայնքային բյուջեից տրված դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա նաեւ կալանավորվել։

Վերջինս կալանքից ազատ է արձակվել Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո. դատախազությունը վերացրեց նրա կալանավորումը, երբ Առուշանյանը կալանավորվեց։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների դեմ՝ իր ազատությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքի դիմաց։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։

Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

pastinfo.am