Ինչպե՞ս են բուսական սննդի գերակշռությամբ սննդակարգերն ազդում երեխաների առողջության վրա: Այս մասին նոր տվյալները բերվում են American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Բուսական սննդակարգերի արդյունքները լավ են ուսումնասիրված հիմնականում մեծահասակների համար: Հայտնի է, որ բուսակերությունն ու վեգանությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն մեծացնում են կոտրվածքների հավանականությունը, քանի որ բուսական սննդամթերքը քիչ կալցիում է պարունակում: Սակայն քիչ բան է հայտնի այն մասին, թե երեխաների առողջության վրա ինչ ազդեցություն կունենա սննդակարգում մի ամբողջ խումբ մթերքների բացառումը:
Նոր հետազոտությանը մասնակցել են 5-10 տարեկան 187 առողջ երեխաներ: Նրանցից 60-ը բուսակերներ են եղել, 50-ը՝ վեգաններ, եւս 70-ը՝ հսկվող խումբ են եղել եւ կերել են ամեն տեսակի սնունդ: Նրանք բոլորը նշված սննդակարգերին հետեւել են ավելի քան մեկ տարի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր միայն բուսական սնունդ են կերել, սրտանոթային առողջության զգալիորեն ավելի լավ ցուցանիշներ են ունեցել (մարմնի զանգված, արյան մեջ լիպիդների եւ գլյուկոզայի մակարդակ եւ այլն): Մասնավորապես, վեգանների համար սննդակարգը կապված է եղել արյան մեջ լիպոպրոտերինների («վատ խոլեստերին») 25%-ով ցածր մակարդակի հետ, համեմատած «մսակերների» ցուցանիշների հետ:
Միեւնույն ժամանակ գիտնականների համար անսպաելիորեն բուսակերների սննդակարգին հետեւող երեխաների սրտանոթային առողջության բնութագիրը մոտ է եղել այն երեխաների տվյալներին, ովքեր ամեն տեսակի սնունդ են կերել: Վեգանների համեմատ, նրանց արյան մեջ սոված ժամանակ գլյուկոզայի, ցածր խտության լիպոպրոտեինների եւ տրիգլիցերիդների մակարդակն ավելի բարձր է եղել:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վեգան երեխաները միջինը 3 սանտիմետրով ավելի կարճ են, քան այլ տեսակի սնունդ ընդունող երեխաները, նրանց մոտ ամենայն հավանականությամբ պակասել է B12 վիտամինը, իսկ ոսկորների հանքանյութերի պարունակությունը 4-6%-ով ցածր է եղել:
Գիտնականների խոսքով՝ բուսական սննդակարգում ավելի քիչ B12 եւ D վիտամիններ կան, ինչպես նաեւ կալցիում, եւ դա կարող է բացատրել երեխաների զարգացման առանձնահատկությունները: Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ այդ թերությունները կարող են փոխհատուցվել սննդային հավելումների ռացիոնալ օգտագործման միջոցով:
Ըստ գիտնականների՝ ներկայումս անհայտ է, թե արդյոք նկարագրված խնդիրները (վիտամինների պակաս, ոսկրերի հանքանյութի ցածր խտություն եւ կարճ հասակ) կպահպանվեն հասուն տարիքում, եւ արդյոք դրանք ազդեցություն կունենան ապագայում առողջության վրա: Դրա համար անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ կատարել: