Քովիդ վերապարածների մոտ երբեմն հետևանքերը հիվանդությունից բարդ ու ծանր ընթացք են ունենում։ Կան բողոքներ մազաթափությունից, դաշտանային ցիկլի խանգարումներից, կանացի այլ խնդիրների ի հայտ գալուց կամ սրվելուց, շուտ հոգնելուց, հոդացավերից, մարսողական խնդիրներից և շունչը կտրվելու և աչքերի դեմը սևանալու զգացումից։ Շատերը բողոքում են անքնությունից կամ քնկոտությունից, ցրվածությունից, կենտրոնանալ չկարողանալուց, տագնապայնությունից։
Ամենատարծվածը, սակայն, համի ու հոտի կորուստն է, աղավաղումը, որը երբեմն ցավալի, երբեմն էլ զավեշտալի իրավիճակեր է ստեղծում։ Օրինակ,ես մի օր հյուր էի գնացել, ու ցանկանում էի տանտիրուհուն գովել, ասացի՝ ինչ անուշ ձկան տապակայի հոտ է գալիս, խեղճը զարմացած, կլորացրած աչքերով նայեց դեմքիս և ասաց, որ հայտնի ռուսական «բորշչ» է պատրաստել։ Քովիդ վերապրած ընկերս, որ աղացած մսից քլորի համ էր առնում, սրճարանում սկանդալ էր բարձրացրել, հեռացել, հետո հասկացել, որ խնդիրն իր մեջ է, ոչ թե լահմաջոյի։ Ի՞նչ է կատարվում հետքովիդյան բարդություններ ունեցող մարդկանց ուղեղներում, ինչո՞ւ են համերն ու հոտերը սկսել մեզ խաբել, խառնել, ծաղրել։ Իսկ միգուցե ինչ-որ զուգահեռ իրականության մեջ հենց Քովիդ կոնվալեսցենտ մարդիկ են ճիշտ զգում հոտերն ու համերը, ուղղակի մեր ուղեղների մեջ մի խաբող ռեցեպտոր կա, որ «փչացել է » Քովիդից և մեր առջև բացել նոր իրականություն։ Իհարկե, հասկանում եմ, որ սա ֆենտզիի ժանրից է, բայց այս երևակայությունն էլ էլ կարող է զուտ հետքովիդյան հետևանք լինել, մի դատեք։ Կենցաղային զրույցներից անդին կան լուրջ մարդիկ, ովքեր լրջորեն ուսումնասիրում են հետքովիդյան բարդությունները ու ունեն հետաքրքիր արձանագրումներ։
Քովիդի հետևանքով խանգարվում է հիվանդների մոտ 40%-ի հոտառությունը: Դա արտահայտվում է հոտառության կարճաժամկետ կորստով (անօսմիա) կամ նվազմամբ (հիպօսմիա): Խանգարումը մեծամասամբ անհետանում է հաշված օրերի ընթացքում, բայց որոշ դեպքերում աստիճանաբար հոտառությունը վերադառնում է, սակայն աղավաղումներով: Այս վիճակը կոչվում է պարօսմիա: Ըստ ԵՊԲՀ–ի անցկացրած հետազոտության նախնական տվյալների, պարօսմիան ի հայտ է գալիս վարակվելուց ամիսներ անց և դրսևորվում է տհաճ հոտերի զգացողությամբ։ Հայերիս համար հիմնականում տհաճ են դառնում համեմի, սոխի, նարինջի, մսի հոտերը: Փոխվում է նաև դրանց համը:
COBRAIN ծրագրի համակարգող, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ զրուցել ենք մեր ժամանակերի ամենատարօրինակ, բացահայտվող, բայց այդպես էլ դեռ զարմացնել չդադարեցնող Քովիդի, դրա հետևանքների, տարօրինակությունների, հակամարմինների և պատվաստումների մասին։ Նախ նշենք, որ COBRAIN – Armenia-ն արդեն մեկ տարուց ավել է, ինչ սկսել է Covid_Antibody և Covid_Neuro հետազոտություններ՝ Քովիդ տարած մարդկանց շրջանում։
Հետազոտողները մանրակրկիտ ուսումնասիրում են #Covid-19-ի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա` հատուկ ուշադրություն դարձնելով իմունային համակարգի պաշտպանությանը և նյարդաբանական դրսևորումներին։ Սա համալիր հետազոտություն է , որն իր մեջ ընդգրկում է հոտառության և համի զգացողության օբյեկտիվ թեստավորում, նյարդաբանական հետազոտություն, հակամարմնի հետազոտություն: COBRAIN թիմը հայտարարել է նաև նոր հետազոտության մասին՝ COQOS նախագծի շրջանակներում, որի ընթացքում ոորոշվում է մարդու արյան մեջ առկա Anti-SARS-CoV-2 S հակամարմնի քանակը Elecsys® գերժամանակակից ավտոմատացված եղանակով։ Թիմը սկսել է նաև նորածինների շրջանում հտազոտություն․ հետաքրքիր է՝ մինչև մեկ տարեկան երեխաների մոտ ինչպես է ձևավորվում և զարգանում հակամարմինը, նյարդային համակարգի վրա ինչպես է ազդում։ Աշխատում են մանկուբույժների հետ, ովքեր, ըստ ուղեցուցի գնահատում են երեխաների նյարդային և ֆիզիկակական զարգացումը։ Կան ռեֆլեքներ, որոնց հիման վրա մանկաբույժը տալիս է եզրակացություն, ինչպես է զարգանում երեխան, ինչ տեմպերով, որքանով է դա կապված տարած հիվանդության ծանրության և իմուն պատասխանի հետ և այլն։
– Ինչպե՞ս է առաջացել այս հետազոտությունների միտքը, ո՞վ է պատվիրատուն և ինչ նպատակներով են օգտագործվեու հետազոտության արդյունքները։
– Հետազոտությունները սկսել ենք 2020թվականի մայիսից։ Պատվիրատուն հենց մենք ենք. այսինքն՝ ԵՊԲՀ-ն է նախաձեռնել այս հետազոտությունը, որ մոլեգնող վիրուսին դիմակայենք։ Եվ պարզ է, որ առաջինը հակամարմնի թեման բարձրացավ, երկրորդը՝ նյարդաբանականը, որովհետև մասնագիտանում ենք ուղեղի ուսումնասիրման մեջ… հակամարմինը հակամարմին, շատ չֆետիշացնեմ, բայց նյարդաբանական բարդությունը ավելի ծանր թեմա է։ Վիրուսից ի վերջո բուժվում ես, իսկ բարդությունը ինչը կլինի և ինչպես հաղթահարել՝ սա է խնդիրը։ Մենք ուզում ենք ի վերջո հասկանալ՝ որն է այն նվազագույն շեմը հակամարմնի տիտրի, որը պաշտպանում է մեզ վիրուսից։ Մեր նպատակը պարզելն էր վիրուսի ազդեցությունը մարդու ուղեղի վրա, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ են հակամարմինները պահպանվում օրգանիզմում և որքանով են պաշտպանում հետագա վարակումից։ Հետազոտության նպատակներից է օգնել այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսից հետո առաջացել են խնդիրներ` հատկապես հիշողության ու կենտրոնացման հետ կապված։
Հակամարմինների նախագծով հետազոտել ենք 1600 պացիենտի՝ ավել շուտ 1600 հոգու, ով վերապրել է Քովիդը…մեր եզրույթներով դա կոչվում է Քովիդ կոնվալեսցենտ պացիենտ։ Իրենց մոտ արդեն մեկ տարուց ավել հետևում ենք հակամարմնի տիտրի փոփոխությանը։ Խոսքը այն հակամարմնի մասին է, որը որոշում ենք ոչ թե սուր փուլում,այսինքն՝ անմիջապես սուր հիվանդության շրջանում, այլ դրանից հետո։ Դրանք G տեսակի հակամարմիններն են։ Ընդ որում, երբ նոր էինք սկսել այդ հակամարմնի մի՝ N սպիտակուցի հանդեպ հակամարմինն էինք որոշում, երբ վերջիններս առաջանում են վիրուսի ներսի նուկլեոկապսիդի՝ կորիզի պատիճի նկատմամբ, բայց վերջերս սկսեցինք նաև S պրոտեինի հանդեպ սինթեզվող հակամարմինը որոշել, ընդ որում քանակական եղանակով: Սա արդեն վիրուսի մակերևույթին գտնվող սպիտակուցի նկատմամբ առաջացող հակամարմինն է։ Սրա ուսումնասիրումը կարևոր է նաև նրանով, որ պատվաստանյութերը մեր օրգանիզմում ակտիվացնում են հենց S սպիտակուցի հանդեպ հակամարմնի սինթեզը։ Պատվաստանյութերը բարձրացնում են նոր հետազոտությամբ բացահայտվող S տեսակի հակամարմինների քանակը, որպեսզի վիրուսի սպիտակուցի և մարդու բջջի հանդիպումից ոչ թե վարակում տեղի ունենա, այլ սպիտակուցը քայքայվի և խոչընդոտի վարակման գործընթացին։ Հակամարմինների կոնցենտրացիայի որոշման և երկարաժամկետ մշտադիտարկման արդյունքում հնարավորություն կստեղծվի գնահատելու պացիենտների անհատական պատասխանը կորոնավիրուսի հանդեպ, ինչը հիմք կտա գնահատելու իմուն պատասխանի և կլինիկական դրսևորումների միջև կապը, հակամարմինների երկարակեցությունը և պացիենտների պաշտպանվածությունը կորոնավիրուսից: Մենք այդ 1600 հոգու մոտ արդեն մոտ 4000 N և մի այդքան էլ S հակամարմնի հետազոտություն ենք արել՝ այսինքն մոտ 8000 թեստ։
–Այդ հետազոտության արդյունքներով ունե՞ք, արդյոք, նախնական եզրահանգումներ, ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ կան։
-Covid_Antibody և Covid_Neuro նախագծերով մենք ինտուիտիվ առաջ էինք նայել. Covid_Neuro –ի արդյունքները հիմա նոր հետազոտության՝ հետքովիդյան բարդությունների ուսումնասիրում սկսելու պատճառ են դարձել։ Քովիդից հետո ամենացավալին չասեմ, բայց տխուրը նյարդային համակարգի ախտահարմամբ պայմանավորված բարդություններն են։ Եվ մեզ դեպի այս հետազոտության նոր շերտը ուղղորդել է հոտի ու համի կորուստը։ Պարզվել է, որ Քովիդ տարած մարդկանց շուրջ 30-40 տոկոս ունի համ ու հոտի կորստի կամ աղավաղման խնդիր։ Մենք ցանկանում ենք նաև կորելացիա ստանալ, թե ինչպես են հակամարմինները այս մարդկանց մոտ փոխվում և փորձում ենք հասկանալ սա լոկա՞լ խնդիր էր, այսինքն՝ զուտ ընկալչայի՞ն խնդիր էր անմիջապես բերանի և քթի ընկալիչների, թե՞ ուղեղային։ Մեր հետազոտությունները սկսել են վկայել նաև, որ այստեղ կա ուղեղի կողմից հոտի և համի ընկալման խնդիր։ Հետազոտության մասնակիցներին տալիս ենք տարբեր հոտեր, տարբեր համեր, փորձում ենք հասկանալ, թե որ տարրից դա կարող է առաջանալ։ Օրինակ սոխի, սխտորի, համեմի, պարֆյումի, ալկոհոլի նկատմամաբ մարդիկ կորցնում են զգացողությունը, բայց դա հո համեմ կամ սխտոր չի, դրանք կոկնկրետ միացություններ են քիմիական, որոնք առաջացնում են այդ զգացողությունը, փոխվում է այս մոլեկուլների նկատմամբ ընկալումը։ Ինչու չի փոխվում մի տարրի նկատմաբ, փոխվում է մյուսի նկատմամբ, այս մարդու մոտ արագ է վերականգնվում, մյուսի մոտ ոչ. սա ենք ուսումնասիրում։ Սովորաբար խորհուրդ ենք տալիս այն հոտն ու համը, որը կորցրել է մարդը, պարբերաբար օգտագործի՝ հոտ քաշի, ուտի, մինչև վերականգնվի։ Որպես նախնական եզրահանգում՝ կապված հակամարմինների հետ, նշեմ այն, որ հակամարմինները մեկ տարուց ավել մնում են։ Սա վստահորեն կարող եմ ասել ։ Անուղղակի ու ոչ հստակ կարող եմ ասել, որ 1 տարվա ընթացքում առաջանում է կայուն իմունիտետ Քովիդի դեմ։ Սա կախված է նրանից, թե ինչքան ու որ տեսակի հակամարմիններից կառաջանա իմունիտետը։ Շատերի մոտ նույնիսկ կենցաղային զրույցներում լսում ենք ինչպես են քննարկում հակամարմինների քանակը, բայց օրգանիզմը մի տեսակի հակամարմնով չի պաշտպանվում վիրուսից, տարբեր անհատներ տարբեր ձևով են արձագանքում, հակամարմինները տարբեր անհատների մոտ տարբեր ձևերով են սինթեզվում։ Մեծ ընտրանք է պետք այս առումով հստակ բան ասելու համար։ 5-6 տոկոս մարդկանց մոտ, օրինակ N սպիտակուցի հանդեպ հակամարմին չի առաջացել, հիմա մենք ուսումնասիրում ենք այն, արդյոք S սպիտակուցի հանդեպ առաջանում է, թե ոչ, ինչ չափով է առաջանում, որովհետև գուցե հանձնես հակամարմնի թեստ, որը ցույց է տալիս N սպիտակուցի հանդեպ հակամարմին չունենալդ, բայց առաջացած լինի մյուսը և լիովին պաշտպանի։ Կան նաև բջջային իմուն պատասխան, որը դեռևս չենք ուսումնասիրել, գուցե այդ մակարդակում առաջանան ու կայուն պաշտպանեն։ Ոչ մի բան միանշանակ չէ ոչ հիվանդության, ոչ էլ հետևանքների ու հակամարմինների ուսումասիրման մեջ։
Նյարդաբանական եզրահանգումներից նշեմ այն, որ միջին տարիքի մասնակիցների մոտ նկատել ենք ենք հիշողության վատթարացում, ուշադրության կորուստ, ցրվածություն, հոգնածություն, անքնություն, քնկոտություն, տագնապայնություն, տարօրինակ վարքագիծ դրսևորելը պահի տակ… կան որոշակի առանձին դեպքեր, երբ ախտահարվում է պերիֆերիկ նյարդային համակարգը, բայց մեծ տոկոս չեն կազմել այդ դեպքերը։ Հետո դեռ շատ երկար ժամանակ չի անցել, ակնկալում ենք նաև որոշակի աուտոիմուն խանգարումներ նյարդային համակարգի. այսինքն ՝ որոշակի այդպիսի նշույլներ տեսնում ենք։
–Ո՞րն է հակամարմնի այն նվազագույն շեմը, որը կպաշտպանի մեզ վիրուսից։
-Այս հարցին դեռևս ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չի կարող պատասխանել. նույնիսկ պատվաստման ժամանակ, երբ բավականին բարձրացնում են հակամարմինների սանդղակը էլի չեն կարող ասել, թե դա կարող է պաշտպանել։ Պիտի նշեմ, որ անգամ արձանագրել ենք 1 եզակի դեպք, երբ մարդն ունեցել է հակամարմիններ, նորից հիվանդացել է Քովիդով։ Որպես արձանագրված փաստ՝ պիտի նշեմ, որ մեզ մոտ շատ քիչ դեպքեր կան, երբ մարդկանց մոտ լիովին անհետացել է հակամարմինը։
–Ինչո՞վ են տարբերվում պատվաստումից հետո առաջացող հակամարմինները հիվանդանալուց հետո, այսինքն՝ բնական ձևով առաջացողներից։
-Վիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմում առաջանում են մի քանի տարբեր տեսակի հակամարմիններ, ինչպես նաև բջջային իմունիտետ: Ի տարբերություն վերջինիս տարբեր տեսակի պատվաստանյութեր ուղղված են ավելի կոնկրետ տեսակի հակամարմինների արտադրմանը: Այսօր կորոնավիրուսի հանդեպ աշխարհում կան 4 տեսակի պատվաստանյութեր, որոնք տարբեր են թե իրենց մեխանիզմով, թե մարդու օրգանիզմում իմուն համակարգի տարբեր օղակների խթանմամբ:
Օրինակ նախկինում ևս օգտագործված ադենավիրուսի կիրառման տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված վակցինաները, որոնցում էքսպրեսվում է SARS-CoV2-ի S պրոտեինը, օրգանիզմում հարուցում է ինչպես համակամարմինների սինթեզ, այնպես էլ բջջային իմուն պատասխան: Այս վակցինաների թվին են պատկանում Sputnik V-ն և Astra Zeneca-ն: Նոր սերնդի, ասյպես կոչված ՌՆԹ վակցինաները, ինչպիսիք են Moderna և Pfizer/BioNTech ընկերությունների կողմից սինթեզվածները, օգտագործում են վիրուսի ՌՆԹ-ն կամ ԴՆԹ-ն՝ կրկին խթանելով ադապտիվ իմուն պատասխանը, այսինքն և համակամարմինների սինթեզ, և բջջային իմուն ռեակցիա:
3-րդ տեսակի վակցինան սինթեզվում է այսպես ասած սպանված վիրուսի հիման վրան, այս դեպքում կիրառվում է շատ ցածր կոնցենտրացիայով և վնասազերծված վիրուսը։ Այս տիպի պատվաստանյութեր կան ռուսական և չինական արտադրության, օրինակ Sinopharm և Sinovac վակցինաները, որոնք հարուցում են միայն չեզոքացնող հակամարմինների սինթեզ, առանց բջջային իմուն պատասխանի:
Վերջին, 4-րդ տիպի վակցինաները հիմնված է վիրուսային սպիտակուցների կիրռման վրա և կրկին հարուցում են միայն չեզոքացնող հակամարմինների սինթեզ, առանց բջջային իմուն պատասխանի: Սրանց թվին են պատկանում Sanofi/GSK և Novovax վակցինաները: Թեև վերջին երկուսը ավելի հին և հետազոտված տեխնոլոգիաներ են, իրենց բացասական կողմը այն է, որ ենթադրվում է ունենաալու են ավելի կարժամկետ ազդեցություն։
–Հետքովիդյան հետազոտության ընթացքում հարցնում են սուրճ խմող լինելու, քաղցրակեր լինելու, ծխող և ալկոհոլ օգտագործող լինելու մասին. այս գործոնները ինչպես են ազդում խանգարումների և դրանց վերացման գործընթացի վրա։
-Հիմնականում սա մեզ հետաքրքիր է նախ և առաջ հակամարմինների առաջացման տեսանկյունից,ապա հոտի և համի խանգարան, որովհետև այդ սովորությունները ևս կարող են նպաստել հակամարմինների ձևավորման և հետքովիդյան բարդությունների վրա։ Օրինակ շատ սուրճ խմողները շատ անգամ հենց առաջինը սուրճի նկատմամբ են սկսում նկատել համի կորուստը։
–Իսկ ի ՞նչ անել կորոնավիրուսի հետևանքով աղավաղված համի ու հոտի պատճառած տհաճությունները մեղմելու համար։
-Կերեք սենյակային ջերմաստիճանի կամ սառը սնունդ: Խուսափեք տապակած կերակուրից, աղացած մսից, սոխից, սխտորից, կանաչիներից, հավկիթից, նարինջից. սրանք պարօսմիկների համար ամենաանտանելի սնունդն են: Նախընտելի է ուտել բրինձ, մակարոնեղեն, բանջարեղեն, հաց, բնական յոգուրտ, մածուն։ Եթե սնունդ ընդունելն անհնարին է, մտածեք պրոտեինային շեյքերի մասին, մինչև խնդիրները կվերանան:Այն ինչի նկատմամբ ունեք թերզգայունություն, անզգայունություն, փորձեք փոքր դոզաներով օրվա ընթացքում պարբերաբար շնչել, համտեսել։
–Ի վերջո, բուժում կա՞, վե՞րջ կա հետքովիդյան տվայտանքներին։
-Եթե հետևանքեր կան, պիտի ընկնենք դրանց հետևից, հասկանանք դրանք, կանխարգելենք և բուժենք. դա է մեր նպատակը։ Հոտն ու համը չարյաց փոքրագույնն են։ Հոտն ու համը մեզ հետաքրքիր են այնքանով, որ դրանք գործիք են ուղեղը հասկանալու համար։ Հոտն ու համը հընթացս կվերակագնվեն, ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու այս մեկի մոտ սա եղավ, մյուսի մոտ չեղավ, շատ հետաքրքիր է այս մարդկանց հետագա ճակատագիրը, ի վերջո դա ուղեղի տարբեր տեսակի մոլեկուլների փոխազդեցության արդյունք է, ոչ թե պատահականություն։ Գուցե ուսումնասիրությունների արդյունքում գանք եզրակացության, որ այս բարդություններով մարդիկ ավելի հակված են ինչ-որ տեսակի հիվանդությունների և պաշտպանված են այլ տեսակի հիվանդություններից և այլն։ Սա ուղղակի մարտահրավեր է, որին պետք է դիմակայել։
Ավելի մանրամասն՝ panorama.am