Ադրբեջանական կողմը օգոստոսի սկզբից միտումնավոր հրդեհում է սահմանային հատվածները, որի պատճառով մոխրացել են հայկական հատվածի խոտածածկ տարածքները։ Ադրբեջանական սադրանքների պատճառով տուժել են Սյունիքի Ագարակ գյուղի մոտ 40 ընտանիք, որոնք այլևս չեն կարողանում արոտի տանել կենդանիներին։
Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ իր հաշվարկներով այրվել է մոտ 28-30 հա խոտածածկ տարածք։
«Խոտածածկ տարածքները՝ անասնակերն է այրվել»,- ասաց Սահակյանը։
Օգոստոսի ութից հետո, երբ մարվել է բռնկված հրդեհը, ադրբեջանական կողմը նոր սադրանքների չի դիմել։
«Էլ վառելու տեղ չկա, սաղ վառվել է։ Այլ սադրանքների չեն դիմել»,- ասաց վարչական ղեկավարը։
Գյուղացիների համար աշխատանքը դժվարացել է, քանի որ մշտական վայրերում անասնապահությամբ չեն կարող զբաղվել։ Այլ տարածքներ կան, բայց քիչ են ու չեն բավարարի անասնապահությամբ զբաղվելու համար։
«Ամենահարմար տարածքները իրենց կողմն են, այն էլ սահմանի վրա են»,- հայտնեց համայնքի ղեկավարը։
Օգոստոսի չորսին ադրբեջանական կողմ է անցել նաև երեք խոշոր եղջերավոր անասուն, թշնամին, սակայն չի վերադարձրել։ Հարցը լուծելու համար դիմել են նաև ռուս սահմանապահներին, սակայն կովերը 21 օր անց էլ չեն վերադարձվել։
«Կովերը սահմանը հատել են և մինչև հիմա չկան։ Եթե բաց թողնեն շուտ կգան, մենք անգամ տեսել ենք, որ իրենք չորս հոգով անասուններին պահում են»։
Ադրբեջանցիների կողմից միտումնավոր այրված տարածքները գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։
Աղբյուր` Փաստինֆո