ՀՀ-ում ակտիվ գործում են մի խումբ գործակալներ, որոնք աշխատում են թուրքական և ադրբեջանական հետախուզության հետ՝ վճարի դիմաց։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է գնդապետ Բորիս Ավագյանը։ Ըստ նրա՝ գործակալների խումբը բաղկացած է Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիներից։
«Խումբը մշակված մեթոդաբանություն է փորձում կիրառել ամենաակտիվ պետական և իրավապահ համակարգի գործիչների նկատմամբ՝ կապ հաստատելով նրանց ընտանիքի անդամների հետ և նրանց մեջ ներշնչելով վախի, կյանքի վտանգի մտավախություններ։
Մասնավորապես՝ փորձում են մտայնություն ձեւավորել, որ նրանց ամուսիններին, եղբայրներին, տղաներին, որոնք պետական ու իրավապահ համակարգում են, նաև պաշտպանության նախարարությունում, չգործեն այնպես ակտիվ, ինչպես գործում են հետպատերազմյան ժամանակահատվածում»,- տեղեկացրեց Ավագյանը։
Գործակալների խումբը 9 հոգանոց է։ Նրանք թիրախի ընտանիքի անդամների հետ տարբեր մեթոդներով են աշխատում։ Ինչ որ մեկին խոստանում են աշխատանք, մյուսին՝ ուսում, մեկ այլ անձի անգամ վախեցնում։ Ավագյանի պնդմամբ՝ այս պահին թիրախավորված է 20-ից ավելի մարդ, այդ թվում և ուժային կառույցներից, պետական համակարգից, որոնց ընտանիքիների նկատմամբ կիրառվել է այդ մեթոդաբանությունը։
Երբ գործակալները նկատում են, որ ազդեցություն գործել չի ստացվում, կարող են անգամ համոզել, որ վտանգն այնքան մեծ է, որ տվյալ անձը պետք է հեռանա երկրից, որի համար անգամ ֆինանսավորում են առաջարկում։
«Ցանկացած դեպքում այն հայրենասեր ակտիվ գործիչներին, որոնք կան պետական համակարգում, ովքեր ուզում են գործընթացները հնարավորին չափով արագացնել՝ բանակի, պետականության, սահմանների, գերիների վերադարձի կամ անհայտ կորածների ուղղությամբ, նրանց նկատմամբ նման աշխատանք է իրականացվում և այդ գործակալները շատ ակտիվ են»։
Ավագյանի փոխանցմամբ՝ արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ աշխատանքներ են իրականացվում գործակալներին հայտնաբերելու, նրան աշխատանքի ոճն ուսումնասիրելու համար։ Այսօր արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ԱԱԾ, ոստիկանապետին և գլխավոր դատախազին եւ ակնկալում են, որ մոտ ժամանակներս քրեական գործեր կհարուցվեն լրտեսության և հայրենիքի դավաճանության հոդվածներով եւ գործակալները, նրանց օժանդակող անձինք կկալանավորվեն։
«Աշխատում են, որ քայքայեն մեր պետականությունը։ Սա մեր ազգային հարցն է, որ մենք կարողանանք ազատվել։ Օտարերկրացները պետք է դատվեն որպես լրտեսներ, ՀՀ քաղաքացիները, որպես հայրենիքի դավաճաններ։ Բոլոր ապացույցները ներկայացված են։ Հույս ունեմ՝ գլխավոր դատախազը հնարավորինս արագ կհարուցի քրեական գործը ու սկսվի քննությունը»,- հավելեց Ավագյանը։