«Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի հանդեպ սպանության փորձ է կատարվել։ Տեղեկությունն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Գյումրին կըռնա» շարժման անդամները` պնդելով, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:
«Խիստ ցավալի դեպք է, որն անմիջականորեն կապված է այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսների, ԱԺ-ում տեղի ունեցող ծեծկռտուքների և ներհասարակական մթնոլորտի հետ»,- նշեց ակումբի անդամ Վարդան Սրտաշյանը։
Նա պատմեց, որ ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեք»-ի քաղաքական հայացքներին:
«Մենք որոշեցինք հանդիպել և զրույցել: Թեև վիրավորանքը հիմնականում ուղղված էր ինձ ու Վարդան Գրիգորյանին, բայց որպես ավագ ընկեր, Արմեն Ներսիսյանն ինքը որոշեց գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելիս կացինը ձեռքին հարձակվեց Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվեց: Ավելի լուրջ կլիներ ամեն ինչ, եթե մենք չիջնեինք մեքենաներից ու չփորձեիքն միջամտել»,-պատմում է Վարդան Սրտաշյանը։
Նրա խոսքով` մի քանի օր անց, այդ երիտասարդը, փորձելով ընկերների մոտ գլուխ գովալ, դեպքի տեսագրությունը՝ մեքենայի տեսագրող սարքի արած, տարածել է:
«Չգիտեմ, թե որ ուժին է հարում, բայց ինքն իրեն դրել է «հեղափոխության պաշտպանի» տեղը»,-նշեց Արմեն Ներսիսյանը՝ գործողությունը սադրանք որակելով:
Նրա խոսքով` իրենց նպատակը ոչ թե մարդուն պատժելն է, այլ ցույց տալ, որ նրա արածը հերոսություն չէ։ «Երիտասարդը մտածում է, թե հերոսություն է արել։ Նա ոչ միայն ինքն է նկարել կացինով հարձակվելու գործընթացը, այլ նաև հաջորդիվ տարածել է համացանցում՝ «Ազգային արժեք» -ի էջերի տակ»,–ասաց նա:
Բանախոսները վերջում նշեցին, որ այս դեպքն իրենց հետ չի պահի իրենց կարծիքը հայտնելուց, ավելին` իրենք ամրապնդվել և ավելի վճռական են դարձել: «Ազգային արժեք»-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ իրավապահ համակարգը եղելությունից արդեն տեղյակ է՝ քանի որ տեսանյութը համացանցում է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am