
Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։ Ինչպես գրում է «Արցախպրես»-ը, ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանն այդ կապակցությամբ ասել է հետևյալը․
«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։
240 հատ հենասյուն է տեղադրվել, համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»,- նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ- Կարմիր շուկա 35 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: