2021թ. օգոստոսի 31-ին` ժամը 10:18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ավազակությամբ` առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` որպես զենք օգտագործվող «BLOW MAGNUM» մոդելի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով, նույն մասնաճյուղի աշխատակցից պահանջել է գումար և հափշտակելով առանձնապես խոշոր չափի` 102.000.000 ՀՀ դրամ՝ դիմել է փախուստի:
Այնուհետև, անվտանգության աշխատակիցների հետապնդումից խուսափելու նպատակով` նույն առևտրի կենտրոնում մեկ անգամ կրակոց է արձակել ու դուրս գալով առևտրի կենտրոնի տարածքից` վնասազերծվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձիք, նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:
Կատարվում է նախաքննություն: