Թույլ մի՛ տվեք՝ իշխանություններն իրագործեն ազատ մամուլը փակելու իրենց նպատակը
Advertisement 1000 x 90

Թույլ մի՛ տվեք՝ իշխանություններն իրագործեն ազատ մամուլը փակելու իրենց նպատակը

Արդեն տևական ժամանակ է՝ 168.am և blog.168.am կայքերի ֆեյսբուքյան էջերը, շնորհիվ իրենց մեդիա-պաշտպան համարող և գործող իշխանությունների հետ համագործակցող որոշ կազմակերպությունների, չեն երևում մեր ընթերցողների լրահոսում, կայքի ֆեյսբուքյան էջից հնարավոր չէ նյութն ուղիղ տարածել, իսկ այլ տարբերակների դեպքում ընթերցողն ինչ-ինչ զգուշացումներ է ստանում: Դրան զուգահեռ, իշխանական, այսպես կոչված, ֆեյք-ֆաբրիկաները թիրախավորված հարձակումներ են գործում ընդդիմադիր այն բոլոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի վրա, որոնք ներկայացնում են ողջ ճշմարտությունը ՀՀ-ում տիրող իրավիճակի և իշխանության գործունեության մասին:

Մեզ են ահազանգում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ամեն օր բախվում են նման խնդրի հետ:

Ավելին, մեր ֆեյսբուքյան էջերը կանգնած են արգելափակման վտանգի տակ, և սա միայն այն պատճառով, որ վրացական փաստեր ստուգող մի կազմակերպության միջոցով, միջնորդավորված կերպով, հայաստանյան մի կայք ոչ պրոֆեսիոնալ կերպով իբրև թե փաստերի ստուգում է արել հիմնականում ընդդիմադիր ուղղվածություն ունեցող կայքերի հրապարակումները, դրանք պիտակավորել՝ որպես կեղծ լուր, ու այդ կապակցությամբ դիմում ուղղել Ֆեյսբուքին, որը պիտակավորել է կայքի ֆեյսբուքյան էջը:

Սա ՀՀ գործող իշխանությունների կողմից խոսքի ազատության դեմ ուղղված վաղուց տարվող քաղաքականության տրամաբանության շրջանակներում է, քանի որ ակնհայտ էր, որ ընդդիմադիր լրատվամիջոցների ընթերցողների քանակն օր օրի աճում է՝ հաշվի առնելով նրանց վարած քաղաքականությունը:

Այս ամենի արդյունքում կայքը կորցնում է իր ընթերցողներին, դիտումները, զրկված է գովազդ տեղադրելու հնարավորությունից:

Այս խնդրի առջև 168.am-ը միայնակ չէ կանգնած: Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջեր կանգնած են այս խնդրի առջև. նրանց ֆեյսբուքյան էջերը կամ առհասարակ հասանելիություն չունեն լրահոսում, կամ այն խիստ սահմանափակված է:

Մեր բազմաթիվ ընթերցողներ ահազանգում են, որ չեն կարողանում հետևել 168.am-ի լրահոսին:

Հարգելի ընթերցողներ, ձեզ մի զրկեք հավաստի, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, ձեր ֆեյսբուքյան էջերում տարածեք 168.am-ի և blog.168.am-ի նախընտրելի հրապարակումները, յութուբյան մեր ալիքի հաղորդաշարերը, տեսանյութերը, այլ ոչ թե դրանց սքրինշոթերը: Այդ կերպ դուք կօգնեք մեզ և դրանով իսկ՝ նաև ձեզ: Թույլ մի՛ տվեք՝ իշխանությունները կարողանան իրագործել ազատ մամուլը փակելու իրենց նպատակը:

Մեր քննադատը, պատվիրատուն և փաստերի իրական ստուգողը ԸՆԹԵՐՑՈՂՆ է:

Սաթիկ Սեյրանյան



Նման նյութեր