Օրերս Նոյեմբերյանում 16-ամյա ընկերների կողմից բացվեց ProtoLab տեխնոինժեներական լաբորատորիան։ Այն կզբաղվի եռաչափ տպիչով և CNC հաստոցով իրերի տպմամբ և մշակմամբ, հետագայում նաև ռոբոտաշինությամբ՝ ստեղծելով power bank-եր, գեներատորներ և սմարթ գաջեթներ։
Լաբորատորիան հիմնել են Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը և 3D մոդելավորման ինժեներ Հրանտ Ղազինյանը: Չնայած երիտասարդ տարիքին, նրանք ունեն 2-3 տարվա փորձ ճարտարագիտության, 3D մոդելավորման և 3D տպագրության ոլորտում: Protolab-ի բոլոր հիմնադիրները Նոյեմբերյանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ուսանողներ են:
Լաբորատորիայի հիմնադիրներից մեկը՝ Արգամ Ամիրաղյանը, այժմ սովորում է Նոյեմբերյանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում, զուգահեռ հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղից էլ ստացել է գիտելիքների մեծ մասը և բազային հիմք ինքնակրթվելու համար։
««Արմաթի» շրջանակներում մասնակցել եմ տարբեր մրցույթների, ստեղծել ենք տարբեր նախագծեր, և երբ որոշեցինք, որ արդեն ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակն է, որոշեցինք ստեղծել ProtoLab ստարտափը։
ProtoLab-ն իրենից ներկայացնում է տեխնոինժեներական լաբորատորիա սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, որ զբաղվում է եռաչափ մոդելավորմամբ, տպագրությամբ և ռոոբոտաշինությամբ։
Վերջերս ունեցանք պաշտոնական բացման միջոցառում։ Արդեն ունենում ենք պատվերներ, ու վստահ եմ՝ դեռ շատ ենք ունենալու։
Ներկա պահին ամբողջովին ինձ նվիրել եմ մեր նախագծին և իմ ամբողջ գործնեությունը կապված է մեր ստարտափի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Արգամը։
Նախագծի հեղինակները նշում են, որ, բարեբախտաբար, այսօրվա թվային դարաշրջանն անսահմանափակ հնարավորություններ է բացում հայերի համար, ովքեր ապրում են գյուղերում և փոքր քաղաքներում: Այս բիզնեսի հայեցակարգի հաջողությունը ոչ միայն ոգեշնչող օրինակ կհանդիսանա երկրով մեկ շրջապատող երիտասարդության համար, այլև պոտենցիալ կերպով կներշնչի հայ երիտասարդների հայրենադարձությունը Նոյեմբերյան, իսկ հետագայում` իրենց ծննդավայրեր և գյուղեր:
«Մենք խորապես հավատում ենք, որ Protolab-ի նման լաբորատորիաները կարող են հեղափոխություն մտցնել 3D տպագրության մեջ, խթանել տնտեսական աճը և ոգեշնչել Հայաստանի տարածաշրջանային երիտասարդներին չլքել իրենց հայրենի քաղաքները և գնալ մայրաքաղաք, այլ հետապնդել իրենց երազանքները իրենց մարզերում։
Մենք արդեն մոտ 5 տարի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան ենք և ցանկանում ենք մեր գիտելիքներն օգտագործել ինչ-որ բան ստեղծելու մեջ։ Ցանկանում ենք 12 ամսում ունենալ արտադրական կայուն կարողություններ և հնարավորություններ»։
Արգամը նշում է, որ չի կարող հասկանալ մյուս երիտասարդների կյանքը և նպատակները, բայց ցանկանում է, որպեսզի բոլոր երիտասարդներն իրենց գործերը սկսելուց աչքի առաջ ունենան ավելի լավ հայրենիք ունենալու նպատակը։
«Կցանկանայի, որ նրանք չտարվեն օտար գաղափարախոսություններով և իզմերով, մենք պետք է դառնանք միայն հայիզմի ջատագովը։
Չպետք է վախենալ երազելուց, որովհետև հենց երազանքն է նպատակներ ծնում։ Ինքնակրթությունն ամենալավ կրթություն է։
Իրականում այսքան բանը հասկացել եմ մեր ողջ հայ իրական ազգային գործիչների կյանքը և խոսքերը լսելուց․ խորհուրդ կտայի հետևել նրանց խոսքերին։
Ես իմ ապագան տեսնում եմ միայն և միայն Հայաստանում։ ՀՀ սահմաններից դուրս գործելն իրապես գրավիչ է և օգտակար, բայց ներկա դարում այդ հարցը հնարավոր է լուծել համացանցի միջոցով, ինչպես և կրթության հարցը»,- նշում է Արգամը։
Սիրարփի Աղաբաբյան