ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:
«Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5 000-10 000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ»,- այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ա. Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: