Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի Facebook-յան գրառումը.
«Արժե ԻՄԱՆԱԼ և վերջապես սրբագրել այս սխալները:
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Զատիկը Քրիստոսի Ս. Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 16-ին: Մեկ բան էլ` գերեզմաններ պետք է գնալ ոչ թե հունվարի 6-ին, այլ հաջորդ օրը»:
Նշենք նաև, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։
Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել։
Այսօր երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
Առաջնորդող լուսանկարը՝ panorama.am-ի