Պատմաբան Վահե Անթանեսյանի Facebook-յան գրառումը
«1988 թվականի փետրվարին սկսվեց Արցախյան ազատամարտը: Արցախը, որ միշտ իրավամբ հայ ժողովրդի բազուկն է հանդիսացել, այս անգամ էլ ընդվզվեց պատմական անարդարության դեմ ու ազատության դրոշ բարձրացրեց: Սա առաջին բացահայտ ընդվզումն էր խորհրդային տոտալիտար վարչակարգի դեմ` Խորհրդային միության ողջ գոյության ընթացքում:
Արցախ անունն առաջացել է Հայկ նահապետ Արա որդու անունից: Այն ըստ Աշխարհացույցի` հայոց 11-րդ նահանգն է եղել և միշտ եղել է հայոց միջնաշխարհում:
Դեռ հնուց հայոց բանակի կորիզն է կազմել արցախական այրուձին: Արարատյան, Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի և Բագրատունի արքայատոհմերի կառավարման ժամանակ Արցախը միշտ մեր հայրենիքի անբաժան մասն է կազմել, իսկ օտար տիրապետության ժամանակահատվածում` միշտ առաջիններից է սուր ճոճել թշնամու դեմ` հանուն ազատության: 18 – 19 րդ դարերում, երբ թշնամու լծից տառապող հուսահատ հայությունը իր հայացքն ուղղեց դեպի հյուսիս` Ռուսաստան, Արցախը, փաստորեն, դարձյալ առաջինն էր, որ պայքարի սուր բարձրացրեց և Ռուսական կայսրությանը հրավիրեց Անդրկովկաս` հույս ունենալով քրիստոնյա Ռուսաստանի միջոցով գտնել փափագած ազատությունը…
19 – րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունն իր իշխանությունը հաստատեց նախ ներկայիս Վրաստանի, ապա` Ադրբեջանի տարածքներում: Հերթը հայկական տարածքներինն էր: Այդ առումով առաջինը, բնականաբար, պիտի լիներ Արցախը: Խամսայի մելիքությունները, որ, ըստ էության, կիսաանկախ իշխանություններ էին, երկարատև անհավասար պայքար էին մղում թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և անզոր լինելով ինքնուրույն ազատագրվել օտար տիրապետությունից` իրենց հայացքը հառել էին դեպի հյուսիս և ակնկալում էին Ռուսական կայսրության հովանավորչությունը` միամտաբար կարծելով, թե կարող են հյուսիսի օգնությամբ անկախ հայկական պետություն ստեղծել: Այդ պատճառով էլ` արցախցիները առավել ևս, ամբողջովին լծվեցին ռուսական ռազմական սայլին` 1804 թվականին սկսված ռուս – պարսկական պատերազմի ժամանակ: Իր հերթին Շուշիի Իբրահիմ խանը զգալով, որ Ռուսաստանին դիմակայելն անօգուտ է` առանց կռվի ճանաչեց ռուսական գերիշխանությունը: Ստացվեց այնպես, որ Արցախի մելիքները պայքարելով նաև Իբրահիմ խանի դեմ` ցանկանալով նրան վտարել Արցախի տարածքներից` դաշնակցեցին ռուսների հետ, սակայն վերջիններիս միացավ նաև հայության ոխերիմ թշնամի Իբրահիմ խանը: 1805 թվականի մայիսի 14-ին Գանձակի մոտակայքում` Քյուրակչայ գետի ափին Իբրահիմ խանն ու ռուսական բանակի հրամանատար կոմս Ցիցիանովն ստորագրեցին համաձայնագիր, որով Իբրահիմ խանը ճանաչում էր Ռուսաստանի գերիշխանությունը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին նաև Գանձակի և Թիֆլիսի հայոց հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը, Վարանդայի մելիք Ջումշուդ Մելիք – Շահնազարյանը:
Սույն պայմանագրով Արցախում տարածվում էր ռուսական գերիշխանությունը, Շուշիում հաստատվում էր ռուսական կայազոր: Ռուսները հուսախաբ արեցին արցախահայությանը` Արցախի կառավարումը թողնելով Իբրահիմ խանի ձեռքին, որին սակայն, պիտի հսկեին ռուսական պաշտոնյաները:
Սույն համաձայնագիրը, սակայն, հնարավորություն ընձեռնեց Արցախը լքած և Լոռիում հաստատված հայ ազգաբնակչությանը և մելիքներին` հայրենի օջախներ վերադառնալ:
Ռուսական հրամանատարության այս երկդիմի խաղը պայմանավորված էր նրանով, որ նրանք այսուհետ Իբրահիմ խանին պիտի օգտագործեին որպես հայկական շարժումները կառավարող գործիք: Թողնելով պաշտոնում հայերի ոխերիմ թշնամուն` Ռուսաստանը ցանկանում էր պատերազմի ժամանակ միշտ լարված պահել հայ – թուրքական հարաբերությունները Արցախում և այդպիսով հայերին միշտ օգտագործել իրենց ռազմական գործողություններում:
Ինքը` Իբրահիմ խանը, որի ռուսական ՙկողմնորոշումը՚ պայմանավորված էր սոսկ ռուսական զենքի հաջողություններով` առիթ էր որոնում կրկին պարսիկներին միանալու և անգամ գաղտնի բանակցում էր պարսկական թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ:
Շուտով Աբբաս Միրզան մեծաքանակ զորաբանակով հարձակվեց Արցախի վրա: Հայերը Վարանդայի մելիք Ջումշուդի Շահնազարյանի գլխավորությամբ համառ դիմադրություն ցույց տվեցին: Պարսիկները պաշարեցին Շուշիի բերդը, բայց գրավել չէին կարողանում:
Իբրահիմ խանն ընտանիքով (24 հոգի) գիշերը դուրս է գալիս բերդից` ցանկանալով միանալ պարսիկներին: Այդ մասին իմանալով մելիք Ջումշուդից` ռուսական բանակի հրամանատար Լիսևիչը կալանավորում է խանին և սպանել է տալիս նրան ու ընտանիքի բոլոր տղամարդկանց:
Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից 600 հոգիանոց ջոկատ է շարժվում` Կարյագինի գլխավորությամբ: Պարսիկներն իմանալով այդ մասին` ծուղակ են պատրաստում և Ասկերանի մոտ` Կառկառ գետի ձախ ափին շրջապատելով ռուսական ջոկատը 10000-ոց զորաբանակով: Անհավասար մարտում ռուսական ջոկատն իսպառ ջախջախվում է: Վիրավոր Կարյագինը մի քանի զինվորներով խույս է տալիս Շահբուլաղ բերդ: Աբաս Միրզան գրավում է Շահբուլաղը, բայց Կարյագինին ձեռք գցել չի հաջողվում: Մինչ պարսիկների ներխուժունը Վանի յուզբաշին բերդի պաշտպաններին գաղտնուղով դուրս է հանում:
Շուտով հաջողության նժարը թեքվում է ռուսների կողմը: Արցախ են մտնում ռուսական նոր զորամիավորումներ, որոնք Աբաս Միրզային քշում են Արաքսի աջ ափը:
1812 թվականին, օգտվելով ռուս – ֆրանսիական պատերազմի առիթից` Աբաս Միրզան կրկին պատերազմ է հայտարարում Ռուսաստանին ու հարձակվում է Արցախի վրա: Սակայն ռուսական բանակը ոչ միայն հաջողությամբ դիմագրավում է պարսկական հարձակմանը, այլև ջախջախելով Աբաս Միրզային` լուրջ սպառնալիք է ստեղծում Պարսկաստանի անվտանգությանը: Պարսիկներն ստիպված հաշտություն են խնդրում:
1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցնում Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները, Վրաստանը, Դաղստանը, Շորագյալը…
Պարսկաստանը զրկվում է Կասպյան նավատորմից, Մեղրին ռուսները զիջում են պարսիկներին: Ռուսական կողմից պայմանագիրն ստորագրեց Ռտիշևը, պարսկական կողմից` Աբդուլ Իսան խանը:
1816 թվականին գեներալ Վալերյան Մադաթովը նշանակվեց Անդրկովկասի ռուսական բանակի հրամանատար, իսկ 1817 թվականին` Ղարաբաղում, Շաքիում և Շիրվանում նահանգային ռազմական հրամանատար:
Շուտով Ղարաբաղի Մեհտի – Ղուլի խանը, Շաքիի և Շիրվանի խաները, հրահանգ ստանալով Աբաս Միրզայից` սկսեցին նոր պատերազմի նախապատրաստվել: 1822 թվականին Մադաթովը վերջնականապես վերացրեց այս խանությունները: Պարսիկները դիմում են ռուսական իշխանություններին` այս տարածքների մի մասը վերադարձնելու պահանջով: Մերժում ստանալով` Պարսկաստանը նոր պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ:
Աբաս Միրզան անակնկալի բերելով ռուսական հրամանատատարությանը` գրավում է Զանգեզուրն ու Արցախը` բացի Շուշիից: Շուշիի կայազորը հայերի օգնությամբ պաշտպանության է դիմում: Պարսիկները 80000 բանակով շուրջ 48 օր պաշարեցին քաղաքը: Պարսիկները շուտով գրավեցին նաև Գանձակը: Բայց 1826 թ. ամռանը Մադաթովը ետ վերցրեց Գանձակը: Ապա Մադաթովը շարժվեց դեպի Արցախ, որ ստիպեց պարսիկներին խուճապահար փախչել: Պարսկական բանակը մեծ կորուստներով լքեց Արցախի սահմանները: Մադաթովն սկսեց իր պարսկական արշավանքը:
Նա արագ հարվածներով մի քանի ճակատամարտերում ջարդեց պարսկական զորքերին, գրավեց Թավրիզը, ուղղակի սպառնալիք ստեղծելով մայրաքաղաքի համար: Ֆաթալի շահն ստիպված էր հաշտություն խնդրել: 1828 թվականի փետրվարի 10-ին Թավրիզի մոտ` Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով էլ վերջ տրվեց պատերազմին: Պարսկաստանը ընդմիշտ կորցրեց Արցախն ու Արևելյան Հայաստանը:
Հետագայում Արցախը Ռուսական կայսրության կազմում մտավ Ելիզավետապոլի նահանգի կազմի մեջ: 1918 թվականին, երբ Անդրկովկասյան երկրներն անջատվեցին Ռուսաստանից, Արցախը մաս կազմեց Հայաստանի հանրապետության: Սակայն Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակը ամեն ինչ անում էր այն Հայաստանից անջատելու և իր բարեկամ Ադրբեջանին միացնելու համար: Սակայն ապարդյուն. արցախցին զենքը ձեռքին հաղթական պատերազմ մղեց թուրքի և Կարմիր բանակի դեմ: Սակայն, արդեն խորհրդայնացումից հետո, 1921 թվականի հուլիսի 5-ին, Կովբյուրոյի որոշումով առանց այն էլ բզկտված Հայաստանը մի անգամ ևս մասնատվեց` ՙեղբայրական ռուս ժողովրդի՚ և խորհրդային իշխանության թեթև ձեռքով ու հայտնվեց Ադրբեջանի կազմում: Արցախցին չհաշտվեց այդ իրադրության հետ և ԽՍՀՄ իշխանության ողջ ժամանակահատվածում թաքուն ու բացահայտ պայքար էր մղում` մայր հայրենիքին միանալու համար: Պայքարը և նրա առաջնորդները զսպվում էին իշխանական բիրտ լծակներով: Սակայն արցախցու ըմբոստ ոգին հնարավոր չէ սպանել, և այն կրկին մարտի ելավ, մարտի կոչեց հայությանը, և Արցախով մեր ժողովրդի համար բացվեց Հաղթանակների դարաշրջանը»: