Վարչական դատարանը օգոստոսի 30–ին, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական–տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը դատարանից պահանջում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչել։
Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարչական դատարանը նման որոշում է կայացրել, որովհետեւ զուգահեռաբար երեք տարբեր հայցեր չէր կարող քննվել դատարանում։
«Դատարանը սկզբում երկու հայցը վերադարձրել էր, մեկը՝ վարույթ ընդունել։ Հետո վերադարձված երկու հայցերը վերադաս դատարանների կողմից վերացվել էր, հետեւաբար դատարանը զուգահեռաբար երեք հայց իրար հետ չէր կարող քննել, եւ այդ մեկը կարճվել էր»,– ասաց Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչը։