Տաքսին 2 հազար դրամ է, մի թղթի համար մենք ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք։ Որ 18 գյուղն են այսպես անում, բա որ միավորեն ի՞նչ լինի․ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ բարձրաձայնեց Գեղարքունիքի մարզի բնակչուհին։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը, բողոքում էին համայնքների խոշորացման դեմ:
«Թող մի հատ կարծիք հարցնեն։ Սահմանամերձ գյուղ ենք, մի հատ էլ տենց են անում։ Մինչեւ ե՞րբ պիտի ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստենք ու տեսնենք՝ թուրքը գալիս է, թե ոչ։ Իրենք, որ Երեւան նստած են, մտածու՞մ են, որ մենք այստեղ ամբողջ գիշեր անքուն ենք։ Հլը թող գան ու մի շաբաթ այստեղ մնան, այդ ժամանակ կիմանան՝ սա որտեղ է»,- ասաց բնակչուհին։
Նա նշեց, որ եթե բողոքի ձայնը տեղ չհասնի, պատրաստ են անգամ գալ Երեւան։
«Կգնամ ու կնստեմ Ազգային ժողովի դեմը։ Թող նրանց երեխեքն էլ մեր երեխեքի նման ապրեն, ինչո՞վ են պակաս։ Ոչ աշխատանքը գինը ունի, ոչ կարտոֆիլը գին ունի, ոչ անասունը։ Աշխատատեղերն են կրճատում, որ շատ փող ուտեն»,-վրդովված ասաց գյուղի բնակչուհին։