Պարզվել է՝ Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ էր, եղել է խմած. ճշտվել է վիրավորների ինքնությունը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարզվել է՝ Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ էր, եղել է խմած. ճշտվել է վիրավորների ինքնությունը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված 06-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը  05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:

Օպերատիվ էին գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները: Օպերատիվ էր գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:   Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել էին տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեին և խցանում տեղի չունենար, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր երթևեկի համար միակողմանի:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com