Սերն այն ամենն է, ինչ մեզ անհրաժեշտ է. երգում էին Բիթըլզի տղաները: Եվ ոչ մի վայրկյան դրանում կասկածելու կարիք չկա. մեր հոգու, մտքի և մարմնի օդն ու ջուրն է սերը, ամենազորեղը տիեզերական բոլոր զգացումներից, երբեմն՝ ամենաբարդը, բայց միշտ ամենից երջանիկը մեզ դարձնողը: 168.am-ը նոր շարք է մեկնարկում՝ ոգեշնչվելով ամերիկյան The New York Times օրաթերթի հանրահայտ «Modern Love» շարքից:
«Ժամանակակից սեր» շարքի շրջանակներում լսելու և գրի ենք առնելու ամենատարբեր մարդկանց սիրո պատմությունները՝ մեր կյանքերը, լրահոսները, սոցիալական ցանցերի պատերը դրական լիցքերով լցնելու համար:
Այսօրվա հերոսուհին Մարիամն է, ում Բագրատը սովորեցրել է հավատալ իսկական սիրուն և այժմ անում է ամեն հնարավորը՝ տեսնելու սիրելիի աչքերը փայլելիս:
«Բագրատն ու ես երկու տարի առաջ սկսեցինք սովորել քայլել նորից, ինքը՝ ձեռնափայտով, ես՝ իր կողքին։ Ո՞նց կարող ես մերժել մի տղայի, ով ոտքի վիրահատությունից անմիջապես հետո առաջին քայլը քո հետ է ցանկանում կատարել։
Ռոմանտիկ չեմ, չգիտեմ, բայց պնդում է՝ աչքերիս փայլին սիրահարվել է առաջին իսկ հայացքից։
Չհասցրի նկատել՝ երբ սիրահարությունը դարձավ սեր… երևի առաջին հանդիպումից հետո: Նա անում է ամեն ինչ, որ աչքերս միշտ փայլեն։
Բագրատն իմ կյանքի վառ ու մեծագույն օրինակն է իսկական տղամարդու, ով գիտի սիրել, հարգել ընտրությունն ու մեծարել։
Երբ ինչ-որ մեկի հետ ծանոթացնում է ինձ, պարզվում է՝ արդեն գիտեն իմ մասին. դե ամբողջ օրն ինձնից է խոսում։
Մեր ամենաուժեղ շարժիչ մղումը համատեղ նպատակներն են, շա՜տ ենք մոտիվացնում իրար։ Ոչ մի դժվարություն ու փորձություն չի կարող գերազանցել մեզ, քանի հավատում ենք մեր ուժերին։
Մեր ժամանակներում սերը մի քիչ փոխվել է, եթե չասենք՝ արժեզրկվել է։ Մի տեսակ ասես ամոթ լինի սիրելը կամ սերը ցույց տալը, ամեն ինչ դարձել է ոչ մնայուն, թեթև։ Բայց մեզ ճանաչողները բոլորն էլ ասում են՝ զգացվում է՝ Բագրատը շա՜տ է սիրում քեզ։ Ճիշտ են. իրական սերը երբեք աննկատ չի մնում։ Անասելի սիրուն երևույթ է, երբ սիրող տղամարդը չի թաքցնում զգացմունքները։ Ես հպարտանում եմ Բագրատով ու մեր սիրով։
Երևի ենթագիտակցությունս երազել ու սպասել է, որ կհայտնվի ինքը, կսովորեցնի սիրել՝ սիրելով, համբերել՝ համբերելով»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան