Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք-ն էր։
Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: