«Զորքը կլուբնիկ էր ստանում… մինչև թշնամու առաջին արկի պայթելը, դրանից հետո էլ չէր ստանում». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Զորքը կլուբնիկ էր ստանում… մինչև թշնամու առաջին արկի պայթելը, դրանից հետո էլ չէր ստանում». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.

«Հաշվի առնելով դրական արձագանքները ու շարունակության պահանջները՝ մի քիչ էլ կպատմեմ մեր պատերազմից:

Մաս 2. Ադրկովկասի ամենամեծ մարտական դիրքը

Առաջնագիծ հասանք արդեն ուշ գիշերով՝ երևի գիշերվա 1ի կողմերը: Մեզ մինագամից տեղավորեցին այսպես կոչված՝ «ռազվեդկի բլինդաժում», որն իրենից ներկայացնում էր 5ը 3ի վրա գետնափոր բետոնե խորանարդ: Այն ծառայում էր որպես 2 հոգուց բաղկացած 60մմ ականանետային դասակի լոկացիա և դիրքի զինապահեստ:

Առաջիկա 6 շաբաթներին մեկ անգամ չի, որ օրհնեցինք էդ բլինդաժը սարքողներին, որովհեգև ի՜նչ ասես ընկավ վրան ու կողքը, անգած 152մմ հաուբիցի ուղիղ խոցում եղավ, բայց բլինդաժը մեզ պահում էր: Օգանովսկու ժամանակ կառուցված բետոնե այս խորանարդը իսկական Թմկա բերդն էր մեր համար, բայց առաջին գիշերը մենք դա չէինք գնահատում: Փոխարենը՝ մենք հասկացանք, թե ինչ են զգում տաջիկ գաստարբայտերները, կամ էլ Երևանյան մեկսենյականոցում 10 հոգով բնակվող հնդիկները, որովհետև մեր ամրոց-բլինդաժը, իր բոլոր առավելություններով հանդերձ՝ 15-20 քառակուսի մետր մակերես ուներ ու քանի որ ռեզինից չէր, այլ բետոնից՝ առաջին գիշերը մենք՝ բոլոր 30ս, քնեցինք տոլմաների պես իրար կպած, մեծ մասս՝ նստած:

Առաջին գիշերը անհանգիստ անցավ, մի քանի անգամ դիրքը ենթարկվեց հրետակոծության՝ ականանետներց, փողային հրետանուց ու գրադներով: Առավոտյան բլինդաժից դուրս եկանք, որովհետև դեռ խամ էինք ու չէինք պատկերացնում, թե ուր ենք եկել ու ինչպես և բոլորը՝ գաղափար չունեինք, որ այս պատերազմում չկա «ապահով թիկունք» հասկացություն:

Գիշերվա հրետակոծությունները անպտուղ չէին: Բարեբախտաբար՝ տուժածներ չկային, բայց գրադի համազարկը ոչնչացրել էր դիրքը հոսանքով ապահովող միակ աղբյուրը՝ արևային պանելները, ինչը շատ լուրջ խնդիր էր, որովհետև մարտկոցների նստելուց հետո մենք զրկվելու էինք ինչպես դիրքի տեսախցիկից, որը մեր всевидящее око-ն էր, այնպես էլ գիշերային և ջերմային տեսանելության բոլոր սարքերը լիցքավորելու հնարավորությունից:

Որոշեցինք, որ պետության հույսին մնալը կարող է քթներիցս դուրս գալ ու Դանիելյանը զանգեց Երևան, որ հնարավորինս շուտ նոր արևային պանելներ ու մարտկոցներ ուղարկվեն, ups-ներ, ինչպես նաև բոտինկաներ, տեռմոբելյո ու սնունդ: Առաջ ընկնելով՝ ասեմ, որ մեր մտավախությունները տեղին էին ու մինչև պատերազմի ավարտ այդպես էլ պետությունը մատը-մատին չտվեց, ու եթե մենք արդեն հաջորդ օրն արևային պանելներն ու մարտկոցները բերել չտայինք, ապա կռվի 4րդ օրվանից «կուրանալու» էինք…

Ինչևէ, առավոտյան մեզ մոտ եկավ վաշտի հրամանատարը, որը փաստացի մեր հրամանատարն էր: Բաբուջյանը ջահել կապիտան էր, ջոկատի տղերքի մեծ մասը Բաբուջյանի տարիքի էր, կամ էլ մի քանի տարով մեծ: Ծանոթացանք ու միանգամից որոշվեց ջոկատին մաս-մաս դիրքի հետ ծանոթացնել: 106-րդ մարտական դիրքը, ինչպես պարզվեց, ոչ միայն ՀՀ ԶՈւ, այլև Անդրկովկասի ամենամեծ մարտական դիրքն էր: 106ը կառուցվել էր դեռ նախկինների օրոք, երբ Ալիևը կառուցողական ու կիրթ չէր, իսկ մենք դիրքերն առաջ էինք տալիս ամեն հարմար առիթի: Արդյունքում Աղդամի անծայրածիր չոլերի էդ հատվածում առկա միակ գերիշխող 30 մետրանոց բարձրունքի վրա էլ ծնվել էր 106ը, որը մեր առաջնագծից քիչ առաջ ընկած էր ու թուրքերի աչքի փուշն էր:

Պատմեմ նաև Նիկոլի վերելակային պայմանավորվածությունների առարկայական հետևանքների մասին: Գրառման կից սպուտնիկային լուսանկարը հին է, այն արվել էր դեռ մինչև Դուանբեի վերելակը: Վերելակից հետո, ինչպես հիշում եք, շուրջ մեկ տարի սահմանին չէին կրակում: Ավելին, բուռն ինժիներա-շինարարական աշխատանքներ էին տարվում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակառակորդը բուռն շինարարություն էր անում, իսկ մենք՝ էնքանով-որքանով:

Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերի 29ին, երբ ես առաջին անգամ ցերեկվա լույսով դիտարկեցի հակառակորդի առաջնագիծը, ոչ թե չոլ տեսա, այլ հողածածկ դոտերի շղթա, 3 շերտանոց տանկային ռովեր ու բազմաթիվ կրակակետեր: Նույն ժամանակամիջոցին 106 ՄԴի շինարարությունն ավարտված էր 70 տոկոսով ու եթե դիրքի աջ թևն ու կենտրոնը վերևից փակ էին ու լավ քողարկված, ապա ձախ թևում միայն երկու դոտ կար, իսկ խրամուղիները ամբողջովին բաց էին: Զատո զորքը կլուբնիկ էր ստանում… մինչև թշնամու առաջին արկի պայթելը, դրանից հետո էլ չէր ստանում…

Պատերազմի երրորդ, իսկ մեզ համար՝ երկորդ օրվա ցերեկը հանգիստ էր մեզ համար, միակ հիշարժան իրադարձությունն այն էր, որ մեր Սնայպեր Դավոն որոշեց, որ անպայման պետք է պրիստրելկա անի իր թոփ-թազա ՍՎԴ-ն: Բարձացավ դիրքի ամենաբարձր կետը, նշան բռնեց ու հենց հողածածկ դոտում շարժ տեսավ՝ մի երկու հատ կրակեց դրա մեջ: Չգիտեմ՝ կպավ, թե չէ, բայց վայրկայններ անց հետևեց ականանետային պատասխան հարված, որը թեև բավականին դիպուկ էր, բայց Դավոն պրծավ թեթև կոնտուզիայով: Ի դեպ, դա Դավոյի 4-5 հինգ կոնտուզիաներից առաջինն էր:

Մանրից սկսեցինք ադապտացվել պատերազմի ու առաջնագծի կանոններին և օրվա մնացած մասը չէինք թափառում ու հիմնականում բլինդաժում էինք սպասում մութն ընկնելուն: Առջևում առաջին մարտական հերթապահությունն էր լինելու:

Շարունակելի»



Նման նյութեր