Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերն ավելացել են: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 4052։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 3078: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 974-ով ավելացել են։
Օրինակ՝ միայն այս տարվա օգոստոսին արձանագրվել է կենդանու կողմից տուժելու 542 դեպք։ Նկատենք, որ Հայաստանում, հատապես՝ Երեւանում, քաղաքացիների մտահոգությունը ճանապարհներին թափառող շներն են։ Այս խնդրի մասին ArmLur.am-ը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է, բայց չնայած սրան՝ հարցը շարունակում է մնալ օդում կախված։ Ի դեպ, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ ՀՀ Լոռու, Գեղարքունիքի մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա, բայց քաղաքացիների պատմելով՝ անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում: