Այսօր առավոտյան պետք է տեղի ունենար «Արմենիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթը, որը սակայն տեղի չի ունեցել:
Առավոտյան ժամը 6-ից օդանավակայանում գտնվող ուղեւորները վրդովված են. «Մեր չվերթը չեղարկեցին, մեզ մինչեւ հիմա պահել են օդանավակայանում: Ժողովրդի կեսին համոզելով ուղարկել են տուն: Մեր բագաժները բերել են լցրել են էստեղ, բագաժները տալիս են, գնում են: Ուզում եմ հասկանալ՝ ով է պատասխան տալու այս չեղարկման համար»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց ուղեւորներից մեկը:
«Մի ամբողջ օդանավի ժողովուրդ ընկել ենք խայտառակ մի քաշքշուկի մեջ: Մարդիկ չգիտեն՝ ոնց են թռչելու եւ երբ: Ընկերությունը մինչեւ հիմա որեւէ կերպ չի արձագանքել: Մեզ հիմա կարծես, առաջարկում են, որ ուրիշ օր, ուրիշ չվերթով թռչենք: Պատճառաբանեցին, որ օդանավն անսարք է»,-ասաց մեկ այլ ուղեւոր:
Մի տարեց կին էլ նշեց, որ օդանավը բոլորովին էլ անսարք չի եղել. «300 մանեթ ավել տվեցին, սամալյոտը վեշ բարձեցին, գնաց, մենք էշ չենք, գիտենք: Օդանավ հատկացրեք, որ մենք գնանք: Իմ երեխան հիվանդ է, ես այսօր պետք է գնամ»,-ասաց նա:
«Արմենիա» ավիաընկերությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։