Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Նյու Յորքում տեղի կունենա համաշխարհային ECF ընկերության կողմից կազմակերպած մրցաշար, որտեղ գերծանրքաշային կարգում հանդես կգա մեր հայրենակից «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը։
Նշենք, որ այս տարի Սողոմոնյանը Լաս Վեգասում մասնակցեց Martial Art մարզաձևով MMA վարկածով աշխարհի գոտու համար պայքարին ու նվաճեց այն։ Դրանից հետ Էդգարն առաջարկ է ստացել ECF-ից՝ մենամարտել իրենց մրցաշարերում։ Նա ընդունել է առաջարկն ու հիմա պատրաստվում է իր մենամարտրին։ Այստեղ հաղթելուց հետո Սողոմոնյանն արդեն մենամարտ կունենա այդ մրցաշարի գոտու համար։
Առաջիկա մենամարտում մեր մարզիկի մրցակիցը Ջոշուա Դիպեսն է։ Էդգարը մենամարտը նվիրում է ընկերոջը՝ երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։
Հարկ է նշել, որ բոլոր ցանկացողները կարող են մենամարտին հետևել հենց ուղիղ հեռարձակմամբ։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Fightplanet.tv կայք, որտեղ ցուցադրվելու է մենամարտը։ Ցուցադրումից ստացված հասույթի 20 տոկոսը տրամադրվելու է Սողոմոնյանին։ Վերջինս մտադիր է այդ գումարով օգնել ազատամարտիկների ընտանիքներին, ուստի խնդրում է, որպեսզի բոլորն օգնեն իրեն այդ հարցում՝ անպայման հետևել մենամարտին։
Հավելենք, որ վերջին մենամարտում Էդգարն իր հաղթանակը նվիրեց մեր հերոս զինվորներին, ինչպես նաև իր որդիներին, ովքեր ևս ապագա զինվորներ են։ Այդ հաղթանակից հետո Սողոմոնյանը կարողացավ կարճ ժամանակով գալ Հայաստան։ Այստեղ Գեներալների խորհրդի որոշմամբ նա պարգևատրվեց «Տիգրան Մեծ» շքանշանով ու պատվոգրերով, քանի որ Էդգարը կարողացավ 200 պետության շարքում ծածանել Հայաստանի դրոշը։
Presstime.am-ի հետ զրույցում Էդգարը ևս մեկ անգամ խնդրեց բոլորին հետևել իր մենամարտին, դա կօգնի իրեն հերթական հաղթանակը տոնել, ինչում ինքն ուղղակի վստահ է, ինչպես նաև գումար ստանալ, որն ուղղվելու է մեր հերոսների ընտանիքներին։ Նա նաև մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին արդեն մեկնում է Նյու Յորք, որտեղ կայանալու է մենամարտը։