Թե առաջին, եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել. բժշկագիտության դոկտոր Գեորգի Մելքոնյան
Advertisement 1000 x 90

Թե առաջին, եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել. բժշկագիտության դոկտոր Գեորգի Մելքոնյան

Մոսկվաբնակ ճանաչված բժիշկ Գեորգի Մելքոնյանը համոզված է, որ իր հայրենակիցները կգործադրեն բոլոր ջանքերը կորոնավիրուսի համավարակի ճանապարհը փակելու եւ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար

Ամիսներ առաջ ուրախությամբ եւ մեծ հպարտությամբ տեղեկացանք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած մեծ ներդրման, բժշկական ասպարեզում ցուցաբերած նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մեր հայրենակից, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Գեորգի Գենադիի Մելքոնյանը պարգեւատրվել է ռուսական կայսրությունում մեծ համբավ վայելող գիտնական, վիրաբույժ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովի շքանշանով: Ի դեպ, համավարակի ծանր ժամանակաշրջանումՙ անցյալ տարվա ապրիլ ամսին, առավոտից մինչեւ ուշ գիշեր գտնվելով աշխատավայրումՙ ծանր հիվանդների կողքին, պրոֆեսոր Մելքոնյանը վարակվել է կորոնավիրուսով, եւ իր մեջ կամքի մեծ ուժ գտնելովՙ կարողացել է կարճ ժամանակահատվածում հաղթահարել հիվանդությունն ու կրկին անցնել աշխատանքի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Հայաստանում կորոնովիրուսի թվերը նորից աճում են եւ համավարակը դառնում է չափազանց մտահոգիչՙ որոշեցի հանդիպել եւ զրուցել COVID-19-ի դեմ պայքարում զգալի փորձ եւ մեծ ավանդ ունեցող քաջատեղյակ մասնագետի հետ, որ ապրելով եւ աշխատելով ՌԴ մայրաքաղաքումՙ ուշի ուշով հետեւում է նաեւ հայաստանյան կյանքին, համավարակի զարգացումներին եւ բազմիցս օգնության ձեռք է մեկնել իր հայրենակիցներին: Բայց նախՙ ներկայացնեմ նրան:

Ամիսներ առաջՙ Մոսկվայում կորոնավիրուսի մտահոգիչ պատկերը իշխանություններին թելադրեց համավարակի դեմ պայքարն ուժեղացնել եւ ՌԴ առողջապահության նախարարի հանձնարարականով Գեորգի Մելքոնյանն աշխատանքի անցավ Պատերազմի վետերանների թիվ 3 մոսկովյան հոսպիտալումՙ որպես գլխավոր բժիշկ եւ նրա առաջին ձեռնարկումը եղավ այն, որ չափազանց կարճ ժամկետում, գրեթե մեկ շաբաթում, հոսպիտալը վերակազմավորվեց, ստեղծվեց առանձին բաժանմունք եւ սկսեց սպասարկել նաեւ կորոնավիրուսով հիվանդներին:

– Իրավիճակը կայունանալուց հետո այսօր արդեն սովորական ռեժիմով ենք աշխատում,- ասում է Գեորգի Մելքոնյանը:

– Մեր հոսպիտալը քաղաքային ենթակայության բազմապրոֆիլային բժշկական հաստատություն է:Սպասարկում ենք Մոսկվայի բնակիչներին, հիմնականում 60 եւ ավելի տարիք ունեցող անձանց:Ունենք նաեւ վճարովի ծառայություններ:

Բժիշկ Գեորգի Մելքոնյանը մարդկային արժեքները գնահատող, հումանիստ եւ լավատես անձնավորություն է, եւ պատահական չէր, որ իր մասնագիտական անչափ բազմազբաղ ու հագեցած առօրյայից զատ, սկսեց զբաղվել նաեւ բարեգործությամբ:Տարիներ շարունակ նա եւ իր գործընկերներըՙ անհրաժեշտ բուժսարքավորումներով, Մոսկվայի հայկական եկեղեցում կազմակերպում են բաց դռների օրեր, որոնց ընթացքում այցելուներին անվճար ստուգում, հետազոտում եւ անհրաժեշտ խորհրդատվություն են տալիս:

Գեորգի Մելքոնյանի բարեգործական ծրագրերում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանն ու Արցախը, իր հայրենակիցները, հիվանդ, բժշկական անհապաղ միջամտության եւ աջակցության ու խնամքի կարոտ մարդիկ:Նա եւ իր գործընկերները մեծ ներդրում ունեն 2016-ինՙ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ստեղծված «Վիվա» («ВИВА. Врачи и волонтеры Армении») բարեգործական հիմնադրամի կայացման, հայոց բանակին եւ հայ զինվորներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներում, Մելքոնյանն այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:Այդ կարեւոր օգնությունը շարունակվեց նաեւ 44-օրյա պատերազմի օրերին:

«Վիվա»-ն ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցում է արդեն տեւական ժամանակ եւ բարեհաջող կերպով իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանից ու Արցախից Ռուսաստան են ժամանում հայազգի բժիշկներՙ տեղի կլինիկաներում եւ բարձրագույն բժշկակական հաստատություններում վերապատրաստվելու ու փորձի փոխանակման նպատակով:Գեորգի Մելքոնյանի նախաձեռնությամբ ու կազմակերպչական ջանքերի շնորհիվ Մոսկվա-Երեւան հատուկ չարտերային չվերթով անցյալ տարի Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների խումբՙ աջակցելու հայ գործընկերներինՙ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Գեորգի Մելքոնյանը նաեւ մեծ հայրենասեր, իր Հայրենիքը պաշտող անձնավորություն է եւ տարիներ շարունակՙ հանգստյան արձակուրդ ունենալու դեպքում, երբեք առիթը բաց չի թողնում իր հայեցի ընտանիքիՙ հայ կնոջ, երկու որդիների եւ դստեր հետ Հայաստան այցելելու: Այսօր, երբ աշխարհը դեռեւս համավարակի ճիրաններում է, պրոֆեսոր Գեորգի Մելքոնյանը համոզված է, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի աճի տեմպերը կարելի է կրճատել երկրի իշխանությունների նախաձեռնած միջոցառումների շնորհիվ:

Այս առնչությամբ էլ մի քանի հարց ուղղեցի հարգարժան պրոֆեսորին:

– Դուք, անշուշտ, հետեւում եք նաեւ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի վիճակին, հիվանդությունների եւ մահացությունների թվերին, պատվաստումների վիճակագրությանը: Ձեր կարծիքով, ինչպիսին է իրավիճակը մեր երկրում, ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ մեր հայրենակիցներին:

– Միանշանակ ասել, որ ամբողջ աշխարհը տակնուվրա արած կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում լավագույն ու առայժմ միակ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը եւ իմ հայրենակիցներին էլ խորհուրդ եմ տալիս հետեւել մասնագետների այս կարեւոր հորդորին: Պատվաստման վերաբերյալ հասարակության մեջ տարբեր կարծիքներ կանՙ կողմ եւ դեմ: Ինչո՞ւ են մարդիկ խուճապի մեջ: Դեռ 90-ական թվականներից նախկին ԽՍՀՄ տարածքում սկիզբ առած ազգային ինքնորոշման շարժումներին զուգահեռՙ հասարակության լայն շերտերում բողոքի ալիքներ բարձրացան նաեւ հակահամաճարակային մյուս ներարկումների դեմ, արդյունքը եղավ այն, որ 2000-ականների սկզբներին համաճարակային բռնկումներ գլուխ բարձրացրեցին: Հիմա նույնը նաեւ այսօր է կորոնավիրուսի զանգվածային պատվաստումների դեմ: Այսօր մեր առաջ մի կարեւորագույն խնդիր է ծառացածՙ գոնե բնակչության 60 տոկոսը պատվաստվի, որպեսզի հիվանդությունը չտարածվի, անվերահսկելի չափերի չհասնի: Այսօր, մոտավոր տվյալներով, Ռուսաստանի բնակչության 30 տոկոսն է պատվաստվել: Այս փոքր թիվը բնակչության անիրազեկության հետեւանք է, ժամանակին հասարակությանը ճիշտ չեն բացատրել, մարդիկ էլ մտածում են, որ դա աշխարհի բնակչությունը կրճատելու համար է արվում:Մարդիկ չգիտեն ում հավատան, խուճապի մեջ են, թեեւ բժիշկները նրանց ամեն օր փորձում են բացատրել ճշմարտությունը:

Հայաստանում նույնպես պատվաստման տոկոսը շատ ցածր է, ես ամեն օր նկատում եմ, որ հիվանդացության եւ մահացածության թվերն օրեցօր աճում են: Հետեւելով հայաստանյան վիճակագրությանըՙ կարող եմ ասել, որ համաճարակային իրավիճակը հանրապետությունում շատ մտահոգիչ է: Հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանման ֆոնին` սրընթաց աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը: Քովիդը մեկ օրում արդեն 10-ից ավելի մարդու կյանք է խլում:Մահվան մեծ թվերը պայմանավորված են վարակվածների մեծ թվով` ի տարբերություն նախորդ ամիսների, երբ օրական մի քանի տասնյակ դեպք էր գրանցվում:Հայաստանում կորոնավիրուսով վարակման ծանր դեպքերի թիվն արագ աճում է, ինչը նշանակում է, որ նույնքան արագորեն նվազում է մարդու կյանքը փրկելու հավանականությունը:

– Ի՞նչ կարող եք ասել վերջին շրջանում Հայաստանում տարածում գտնող «Դելտա» շտամի մասին, որո՞նք են այդ հիվանդության նախանշանները:

– Վարակվածների թվի աճին նպաստում է «Դելտա» շտամը, որը ոչ միայն ավելի արագ տարածվելու հատկությամբ է տարբերվում, այլեւ բարդ ընթացքով, հիվանդության ընթացքը շատ արագ է, ժամերի ընթացքում հնարավոր է, որ հիվանդությունը զարգանա, եւ թեթեւ կամ միջին ծանրության հիվանդը դառնա ծայրահեղ ծանր:

Կարող եմ ասել, որ հիվանդանոցներ տեղափոխվածների գերակշիռ մասը չպատվաստված քաղաքացիներն են, պատվաստված քաղաքացիների դեպքում հիվանդության ընթացքը թեթեւ կամ միջին ծանրության է, պատվաստված մարդու մոտ ծայրահեղ ծանր վիճակ կամ մահվան ելք գրեթե չի արձանագրվում:

COVID-19-ի եւ «Դելտա» շտամի ընդհանուր նախանշանները, ախտանիշներն ու բուժման ձեւերը նույնն են, բայց «Դելտա» շտամի ընթացքը ավելի բարդ է եւ երկարատեւ բուժում պահանջող:

Ինչպես իմանալ, որ հիվա՞նդ ենՙ տաքություն, ընդհանուր հոգնածություն, մկանների ցավ, համի եւ հոտառության բացակայություն:Ի դեպ, այս վերջին երկուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամկետներում է վերականգնվում, ես հիվանդ գիտեմ, որ 6 ամսից հետո միայն վերականգնվեց համն ու հոտը:Հիվանդությունը նաեւ տեսողության վրա է ազդում, հիշողության, անոթների:

Ես միանշանակ ասում եմ պատվաստվել, դա միակ ուղին է, որպեսզի մենքՙ բժիշկներս, կանգնեցնենք համաճարակը,

Բոլոր պատվաստումները կարող են ունենալ չնչին բարդություններ:Վեց ամիս հետո նորից պատվաստվել, դա ավելի շատ նոր շտամի հետ է կապված, որպեսզի չկրկնվի:

Մարդիկ չպետք է խուճապի մատնվեն, որովհետեւ օրգանիզմը սթրեսի է ենթարկվում դրանից, պետք է հանգիստ լինել, հակահամաճարակային եւ հիգիենիկ բոլոր կանոնները պետք է պահպանել:

– Դեպքեր են արձանագրվել, երբ պատվաստված քաղաքացիները կրկին վարակվում են:Ինչ կարող եք ասել այս առնչությամբ:

– Ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել, որ պատվաստումից հետո պետք է սկզբնական շրջանում առավելագույնս պահպանել կանոնները, խուսափել շփումներից, դիմակ կրել, քանի որ պատվաստումից հետո օրգանիզմը թուլանում է եւ այդ ժամանակ ավելի հեշտ է դառնում վարակվելը, բայց շատերը մտածում են, թե ահա պատվաստումն արեցի, այլեւս չեմ հիվանդանա: Սկսում են դիմակ չկրել, շրջագայել:Իմ խորհուրդը հետեւյալն էՙ թե առաջին եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել, կարելի է նաեւ վիտամիններ օգտագործելՙ Ց եւ Դ:

– Կարծես նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության երիտասարդացում, ծանր դեպքերի ավելացում:Ի՞նչ կարող եք ասել, երբ համավարակը թակում է նաեւ երեխաների եւ հղի կանանց դռները:

– Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության երիտասարդացման վտանգ կա: Վարակվածների թվի մեծացում կա նաեւ մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում: Ոլորտի մասնագետները գտնում են, որ երեխաները եւս պետք է պատվաստվեն, Մոսկվայում երկու հիվանդանոցներում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:Կարծում եմ, որ երեխաները 14 տարեկանից պիտի պատվաստվեն

Եթե կինը հղիության վաղ շրջանում է վարակվում, երբ դեռ պտուղը ձեւավորված չէ, շատ վտանգավոր է, իսկ երբ արդեն ձեւավորված է լինում, այդքան էլ վտանգավոր չէ:Հիմա Մոսկվայում հղի կանանց համար, ովքեր վարակվել են, հատուկ բաժանմունքներ են գործում եւ նրանք բժիշկների ամենօրյա հսկողության տակ են:

– Իսկ ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված պատվաստումը:

– Պարզելու համար, թե որ հիվանդներին է հակացուցված պատվաստումըՙ ամբողջ Մոսկվայի լավագույն մասնագետներն իրենց հիվանդների շրջանում ուսումնասիրություններ են կատարել եւ պարզել, որ շատ քիչ հիվանդությունների պարագայում խորհուրդ չի տրվում պատվաստումը:Դա խորը արտահայտված ալերգիկ ու նաեւ օնկոլոգիական հիվանդություններն են, որոնցով հիվանդները ստանում են հատուկ բուժում, իսկ մնացած բոլորին կարելի է պատվաստվել:

Վերջում կցանկանայի նշել, որ կորոնավիրուսի համավարակի աճը նվազագույնի հասցնելու համար պակաս կարեւոր չէ նաեւ ժողովրդի ինքնագիտակցությունը. ոմանք կարծում են, որ վիրուսը հեքիաթ է, մյուսները` որ իրենց այն չի հասնի: Այդ պատճառով էլ մարդիկ հանգստացել են, դիմակ չեն դնում, տարբեր միջոցառումների ու թաղումների են գնում: Հենց դա էլ վարակի տարածման պատճառ է դառնում: Հուսով եմ, որ վերջին պատերազմի ծանր մղձավանջից դեռ ուշքի չեկած, այլեւայլ հոգսերի տակ կքած իմ հայրենակիցների համար չափազանց թանկ է վաղվա օրը, գալիք սերնդի ապագան եւ համոզված եմ, որ նրանք իրենց բարձր ինքնագիտակցությամբ կգործադրեն բոլոր ջանքերը այս համավարակի ճանապարհը փակելու եւ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:Չարիքը պետք է նահանջի Հայաստանից:

azg.am