Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է
Advertisement 1000 x 90

Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է

Ըստ էության՝ հայ գիտնականներն ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը ճահճացումից փրկելու «դեղատոմս» են առաջարկել։

Ինչի՞ մասին է խոսքը, եղե՞լ է արդյոք նախնական փորձարկում լճում, կարո՞ղ ենք խոսել արդյունքների մասին, եւ արդյո՞ք այն անվնաս է բուն Սեւանի եւ շրջակա միջավայրի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն պարզաբանումներ ստացավ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանից։ Նախ՝ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Ըստ ԳԱԱ տարածած հաղորդագրության, հայ գիտնականների առաջարկածը թույլ կտա նվազեցնել  կենսածին տարրերի քանակը լճում եւ դանդաղեցնել էվտրոֆացման (ճահճացման) գործընթացը:

Բանն այն է, որ վերջին տարիներին Սեւանա լիճը ծաղկում է ազոտի եւ ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Դրա հետեւանքով ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը եւ հանգեցնում ջրային կյանքի խեղման:

Սեւանա լճում «ծաղկում» առաջացրած «Cyanophyta» խմբին պատկանող տեսակները տոքսիկ են եւ արտազատում են կայուն թույներ՝ միկրոցիստիններ եւ անատոքսին: Եվ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» եւ «Ծաղկման» երեւույթների դեմ պայքարի մեթոդների մշակում»  նպատակային ծրագրերի շրջանակներում լճում իրականացվում են էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրություններ ու միջոցառումներ:

Օրինակ՝ իրականացվել է Սեւանա լճի ջրի գենաթունային եւ կանցերոգեն հատկությունների գնահատում, լճի ջրային նմուշների գենոտոքսիկության եւ կլաստոգենության մակարդակների բիոթեստավորում՝ տրադեսկանցիայի 02 կլոնի առէջաթելերի մազիկների (ԱԹՄ) եւ միկրոկորիզային  թեստ համակարգերի կիրառմամբ:

ԱԹՄ-ի բիոթեստի տվյալները ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում ցույց են տվել ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաեւ անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում: Առավելագույն մակարդակի բարձրացում դիտվել է Լճաշենի հարակից տարածքի ջրային նմուշում։ Նմանատիպ արդյունքներ դիտվել են նաեւ միկրոկորիզային թեստի տվյալների ուսումնասիրության ժամանակ՝ հետազոտելով նրա երկու հիմնական թեստ-կրիտերիաները՝ միկրոկորիզներ պարունակող տետրադների տոկոսը եւ միկրոկորիզների տոկոսը տետրադներում: 2020-ից հետազոտվում են Սեւանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։

Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան եւ անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաեւ բնական ադսորբենտներն ու բնական  պոլիմերները: Հայտնի է, որ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվում են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված  սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։

ԳԱԱ-ի վերլուծական ծառայության համաձայն՝ փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:

Ինչպես մանրամասնում է հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Գիտության պետական կոմիտեի կողմից նպատակային ֆինանսավորում են ստացել Սեւանա լճի ծաղկման երեւույթների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակելու համար։ Աշխատանքներն իրականացվել են մի քանի ուղղությամբ։ Նպատակն էր ստանալ մի սարք, որի օգտագործան դեպքում հնարավոր կլիներ Սեւանա լիճը մաքրել կապտականաչ ջրիմուռներից։ «Աշխատանքի բոլոր փուլերն իրականացված են, մենք հասել ենք այն փուլին, երբ արդեն ստեղծված է մոդելային սարքի նախագիծը, եւ սարքը  պատրաստման ընթացքում է։ Ադսորբենտը բավական բարձր մակարդակով ակտիվացված է, կարողանում է կլանել եւ՛ օրգանական նյութերը, եւ՛ ծաղկած ջրիմուռները։ Հիդրոքիմիական հետազոտությունները կանոնավոր արվում են, եւ գենետիկական հետազոտությունները նույնպես շարունակվում են։ Առայժմ աշխատանքները շարունակական փուլում են։ Հույս ունենք, որ մեկ ամսից սարքը մոտավորապես պատրաստ կլինի։

Սակայն, ցավոք, այս տարի փորձարկել չենք կարող, որովհետեւ բարեբախտաբար ծաղկման երեւույթներ չկան այս պահին»,- ասաց Է.  Ղուկասյանը։ Խնդիրներ են եղել նախագիծը ստանալու ընթացքում։ Որովհետեւ, ըստ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, շատ մեծ գին էին առաջարկում այն կազմելու համար. «Մենք ստիպված եղանք դիմել մեր Ռուսաստանի գործընկերներին, որպեսզի մեզ աջակցեն։ Հիմա ամեն ինչ կարգին է»։

Գալիք տարում, եթե ծաղկում լինի, հայ գիտնականները կփորձարկեն նորարարությունը։ «Սակայն վստահ չեմ, որ կունենանք մեծ սարք,- նշեց մեր զրուցակիցը,- որովհետեւ ինչքան խորհրդակցել ենք մեր ճարտարագետների եւ ինժեներների հետ, նրանք բացատրել են, որ դա շատ թանկ կլինի եւ դեռ տեխնիկական կատարելագործման կարիք էլ կա։ Իսկ տրամադրվելիք միջոցները բավարար չեն լինի մեծ հզորությամբ սարքի պատրաստման համար։ Համենայնդեպս, մենք կդիմենք Գիտության կոմիտեին՝ համապատասխան հիմնավորումներով»։ Ի դեպ, լճից «ծաղկած» նմուշներ վերցվել են եւ այդ փոշենման նյութով մաքրվել։ Ջուրը մաքրվել է այնպես, որ «ծաղկման» էլեմենտներ չեն հայտնաբերվել։

Ընդգծենք՝ քանի որ նյութը բնական է, շրջակա միջավայրի համար անվնաս է, եւ ջուրն էլ է անվնաս մաքրում։ Փաստենք՝ Սեւանը մաքրելու դեղատոմսը գտնված է, եւ այն անպայման կիրառել պետք է։ Սեւանը մեր ազգային հարստությունն է, եւ այն փրկելու համար գումարներ ծախսելն արդարացված է։

hhpress.am