Մակուլոդեգեներացիան հիվանդություն է, որը կարող է բերել պղտորված տեսողության կամ տեսադաշտի կենտրոնում տեսողության կորստի։ Հիվանդությունը հաճախ հանդիպում է ծերերի մոտ, սակայն կան ռիսկի գործոններ որոնք նպաստում են դրա զարգացմանը, այդ թվում նաև ավելի երիտասարդ տարիքում։ Այս հիվանդության մասին խոսել ենք ակնաբույժ Վահան Պապոյանի հետ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Մակուլոդեգեներացիան և արդյո՞ք այն հնարավոր է բուժել։
Դեղին բծի (macula lutea) տարիքային դեգեներացիան կամ ենթառետինալ նեովասկուլարիզացիան 65-ից բարձր տարեկան անձանց տեսողության անվերադարձ կորստի ամենահաճախ պատճառն է: Այն սահմանվում է իբրև 50 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում տեսողության կորուստ պայմանավորված մակուլայի դեգեներատիվ փոփոխություններով կամ բնորոշ դրուզներով (հիալինի կուտակումներով)։ Հիվանդությունը առավելապես տարածված է կանանց շրջանում և ընթանում է երկու ձևերով՝ ատրոֆիկ (ոչ էքսուդատիվ) և նեովասկուլյար (էքսուդատիվ): Ռիսկի գործոններից են համարվում՝ սիգարետ ծխելը, ճարպակալումը, ընտանեկան պատմությունը, արևային ճառագայթների չափազանց ազդեցությունը, Chlamydia pneumoniae վարակը, հիպերօպիան, ասպիրինի օգտագործումը և մի շարք այլ գործոններ։ Ատրոֆիկ ոչ էքսուդատիվ դեգեներացիաների պարագայում հակաօքսիդանտ հատկություններով օժտված վիտամինների և աղային հավելումների սխեմաները կարող են որոշ դեպքերում դանդաղեցնել հիվանդության ընթացքը: էքսուդատիվ դեգեներացիաների պարագայում հիմնական բուժումը anti-VEGF դեղորայքի ինտրավիտրեալ ներարկումներն են:
Հայտնի է, որ այս հիվանդության առաջացման հիմնական պատճառներից մեկը սիգարետ ծխելն է։ Ինչպե՞ս է այն ազդում հիվանդության զարգացման վրա և ինչպե՞ս կարող են ծխողները նվազեցնել հիվանդության առաջացման ռիսկը։
Ծխելը այս հիվանդության հիմնական ռիսկի գործոններից է: Ծխող մարդկանց մոտ հիվանդությունը ավելի ծանր է ընթանում: Բանն այն է որ սիգարետը այրման ընթացքում արտազատում է 6000-ից ավելի տոքսիկ նյութեր և առաջացնում խեժ։ Այս տոքսիկ նյութերը խիստ նպաստում են մակուլոդեգեներացիայի առաջացմանը և երիտասարդ, և ավելի մեծ տարիքային խմբերում։ Ռիսկը նվազեցնելու համար կարևոր է դադարել սիգարետ ծխելը, ծայրահեղ դեպքում անցում կատարել առանց այրման աշխատող միջոցերի։ Այդպիսիք են նիկոտինային սպեղանիները, մաստակները, վերջերս նաև տարածում են ստացել էլեկտրոնային սիգարետներն ու ծխախոտի տաքացման համակարգերը։ Այս այլընտրանքները ևս զերծ չեն ռիսկերից, սակայն կան հետազոտություններ, ըստ որոնց դրանք ավելի քիչ ռիսկ են ներկայացնում առողջության համար։
Որքանո՞վ է Հայաստանում տարածված Մակուլոդեգեներացիան և որո՞նք են հիվանդության առաջացման ախտանշանները։
Հիվանդության առաջացման ախտանիշերը տարբեր են։ Հաճախ հանդիպողներից են կենտրոնական տեսողության խանգարումները, ինչպիսիք են տեսողական պատկերների թեքվածությունը; տեսադաշտում հստակ սահմանված պղտոր կամ կույր կետերը; թույլ լուսավորությանը հարմարվելու դժվարությույնը և այլն։
Համաձայն ամենահաճախ ցիտվող Ֆրամինգեմի աչքի ուսուոմնասիրության (Framingham Eye Study) տվյալների, աշխարհում դեղին բծի տարիքային դեգեներացիան հանդիպում է 52-ից բարձր տարիքով անձանց 25%-ի շրջանում, իսկ տեսողության ծանր կորստի 80% հիմքում ընկած է նեովասկուլյար կամ էքսուդատիվ փուլը։ Հայաստանում հիվանդությունը ևս հազվադեպ չէ, սակայն մեր երկրում տարածվածության վերաբերյալ տվյալներ ցավոք չկան: