Հետամանորյա շրջանում «դժվար է» գործի գնալ և մտնել բնականոն աշխատանքային ռիթմի մեջ։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սա բնորոշ է ոչ միայն հայերին, այլև բոլոր ազգերին։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում ամանորյա տոներն այնքան երկար չեն տոնում, որքան հայերը։ «Այսքան երկար տոնելու հետևանքով մենք ունենում ենք մեծ դեպրեսիվ իրավիճակներ։ 9 օր մենք բաց ենք թողել, սա լիարժեք արձակուրդի ֆոն է ստեղծում, որից հետո աշխատանքի դուրս գալը բավականին դժվար է լինում։ Ամանորից առաջ մենք որոշակի պատրաստություն ենք տեսնում և այդ 9-10 օրն անց ենք կացնում անհոգ վիճակի մեջ, ռեժիմից ընկած, արթնանում ենք ոչ սովորական ժամի, ոչ մի հոգս չունենք, որովհետև տներում ամեն ինչ կա։ 10 օր հետո մենք կանգնում ենք փաստի առաջ, մեր առօրյա կյանքը գալիս է մեր առաջ։ Բնականաբար, դժվար է լինելու կոմֆորտ զոնայից դուրս գալ ու ընկել այս դիսկոմֆորտ զոնայի մեջ։ Սա է հետամանորյա սթրես ասվածը»,- նշեց հոգեբանը։
Մ. Մադաթյանի խոսքով՝ Ամանորը սիմվոլիկ տոն է, և մենք բոլորս հոգեբանորեն փորձում ենք հին տարվա մեջ թողնել մեր բոլոր խնդիրները և նոր տարվա մեջ սպասումներ ենք ունենում. «Տոնական օրերը պետք է տոնել և ոչ թե ուտել, ինչպես մենք ենք սովորաբար անում, տոնելը մի քիչ ուրիշ գաղափար է։ Մենք այդ ամանորյա տոներն ավելի շատ վերածում ենք սեղանների, ամեն օր հյուր ենք ընդունում, ճանապարհում, ինչը նույնպես նպաստում է որոշակի դեպրեսիվ ֆոնի զարգացման»։
Թե հետտոնական սթրեսն ինչքա՞ն կտևի, ըստ հոգեբանի, դա ինդիվիդուալ է։ Նրա դիտարկմամբ՝ մարդիկ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և հաճույքով են աշխատանքի գնում, սթրեսային լուրջ ֆոն չեն ունենում, նրանք նույնիսկ սպասում են, թե երբ են գնալու աշխատանքի։
Հոգեբանը նշեց, որ սթրեսն ավելի վառ կերևա այն մարդկանց մոտ, ովքեր դժվարությամբ են գնում աշխատանքի. «Հետարձակուրդային սթրեսի համար արտերկրում կարգ գոյություն ունի, որ արձակուրդից վերադարձած մարդուն մոտ 2 շաբաթ ավելի քիչ են ծանրաբեռնում աշխատանքով, թույլ են տալիս, որ նա կիսվի իր նկարներով, պատկերացումներով աշխատակիցների հետ, մինչև լիարժեք հունի մեջ կմտնի։ Ասել, որ առաջին օրից մեր գործատուները ծանրաբեռնում են մեզ աշխատանքով, սխալ կլինի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Անի Քեշիշյան