Սրտային հիվանդներ, հղիներ և օնկոհիվանդներ. ո՞ւմ է հակացուցված պատվաստումը
Advertisement 1000 x 90

Սրտային հիվանդներ, հղիներ և օնկոհիվանդներ. ո՞ւմ է հակացուցված պատվաստումը

Սրտաբանը, ուռուցքաբանն ու գինեկոլոգը քրոնիկ հիվանդությունների դեպքում խրախուսում են պատվաստումը, սակայն ընդգծում են, որ որոշ դեպքերում կան ժամանակավոր հակացուցումներ։

Սրտանոթային հիվանդություն ունեցողներին կորոնավիրուսով վարակվելը կարող է հանգեցնել սրտի վնասման

«Սրտանոթային հիվանդություններ ունեցողները շատ խոցելի են կորոնավիրուսի պարագայում՝ նրանք ավելի ծանր են տանում հիվանդությունն ու ելքն էլ հաճախ ծանր է լինում։ Խոսքը մասնավորապես զարկերակային հիպերտենզիայով, սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողների մասին է»,- այսօր կայացած ասուլիսում ասաց առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու, Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։

Նա ընդգծեց, որ վիրուսի անմիջական պաթոգեն ազդեցությունը սրտի վրա կարող է հանգեցնել սրտի վնասման, սրտամկանի կաթվածի և այլն։ Սրտաբանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդանալու վտանգավոր երևույթներից մեկը սրտի ռիթմի խանգարումներն են։

«Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք մշտապես պետք է գտնվեն իրենց բժշկի անմիջական վերահսկողության տակ։ Նրանց առավել շատ է ցուցված և անհրաժեշտ պատվաստումը»,- ասաց Հայրապետյանը։

Բժիշկն ընդգծեց, որ սրտանոթային հիվանդություն ունեցող անձանց համար չկան հակացուցումներ պատվաստուվելու համար։ Նրա խոսքով՝ որոշ անձանց մոտ կարող են լինել հիվանդության սրացման էտապներ և այդ պահին ցանկալի չէ կամ խորհուրդ է տրվում ժամանակավոր հետաձգել պատվաստման գործընթացը։

Պատվաստումը կարող է հետաձգվել ոսկրածուծի տրանսպլանտացիա ստացողների դեպքում և ոչ միայն

Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նշեց, որ 2020 թվականին նոր սկսված կորոնավիրուսային հիվանդության խուճապի հետևանքով քաղաքացիների հիվանդանոցներ չգնալու պատճառով 1 տարում գրանցվել է բացասական դինամիկա։

«Հիվանդների մոտ սկսեցին առաջանալ նոր խնդիրներ։ Եթե այդ անձինք ավելի շուտ դիմեին ԲԿ-ներ, մենք էլ կարողանայինք ժամանակին հսկել, ավելի շուտ կհայտնաբերեինք խնդիրները և թույլ չէինք տա դրանք զարգանան»,- նշեց Գյոկչյանը։

Նա շեշտեց, որ օնկոլոգիական հիվանդությամբ տառապող այն անձինք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, այդ ընթացքում ստիպված բաց են թողել իրենց հերթական կուրսերը և չեն կարողացել ընդունել անհրաժեշտ դեղորայքը։ Գյոկչյանը վստահեցրեց, որ օնկոլոգիական որևէ հիվանդություն ունեցող անձանց դեպքում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման բացարձակ հակացուցում չկա։

«Հակացուցումը կարող է վերաբերել միայն այն դեպքերին, երբ հիվանդները ծայրահեղ ծանր տերմինալ վիճակում են գտնվում։ Պատվաստումը կարելի է հետաձգել ոսկրածուծի տրանսպլանտացիա ստացողների (խորհուրդ է տրվում հետաձգել 3 ամսով), մեծ վիրահատության պատրաստվող հիվանդների, ցելուլյար թերապիա կամ բջջային թերապիա անցնողների դեպքում։ Մնացած դեպքերում, անկախ նրանից` հիվանդը քիմիաթերապիա է ստանում, հորմոնոթերապիա, թե թիրախային բուժում, ապա խրախուսվում է պատվաստումը»,- նշեց Գյոկչյանը։

Արդեն բավականաչափ ծննդաբերություններ են եղել պատվաստումը ստանալուց հետո

Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն անդրադարձավ մարդու վերարտադրողական օրգանների վրա պատվաստանյութերի ազդեցության շահարկվող թեմային։

«Արդեն երկար ժամանակ է, ինչ կան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, և բավականաչափ ծննդաբերություններ են եղել այս ընթացքում՝ պատվաստում ստանալուց հետո։ Հայաստանում էլ են նմանատիպ դեպքեր եղել՝ կանայք հղիացել են պատվաստումից հետո, ինչպես նաև ծննդաբերել են ու առողջ երեխա ունեցել։ Կրծքով կերակրող կանայք էլ կարող են պատվաստվել, և հակացուցումներ այս պարագայում չկան։ Նրանք ուղղակի պետք է խորհրդակցեն մասնագետների հետ, թե որ պատվաստանյութով պատվաստվեն»,- ասաց Օկոևը։

Խոսելով այն կանանց մասին, ովքեր պլանավորում են հղիանալ, բայց նաև պատվաստվել` նա ընդգծեց, որ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո նրանք պետք է սպասեն 42 օր, քանի որ դրանից հետո է սկսում պատվաստանյութի ազդեցությունը։ Հարցին, արդյոք հղիությունը պլանավորելու դեպքում ճիշտ է պատվաստվել չինական պատվաստանյութով՝ «սինոֆարմ»-ով, գինեկոլոգը շեշտեց, որ դա էլ միանշանակ չէ, քանի որ հետազոտության ծավալը դեռևս մեծ չէ։

Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։

armeniasputnik.am