Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 13-ից 22-ն անցկացվում է շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը։ Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը։
Yerevan Open–ին մասնակցում է 14 երկրի 311 շախմատիստ: Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով, Երեւանի բաց առաջնությունն աննախադեպ է շախմատիստների մասնակցության քանակով:
«Երեւանի բաց առաջնությունն աննախադեպ է: 311 շախմատիստ է մասնակցում 14 երկրից, այդ թվում՝ Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից: Սա Հայաստանին եւս մեկ անգամ դարձնում է շախմատային միջազգային ընտանիքի կարեւորագույն գործոններից մեկը: Սա նաեւ լավագույնս հնարավորություն է ընձեռում պատանի շախմատիստներին փորձել իրենց ուժերը հայտնի գրոսմայստերների հետ, ինչը կարեւոր գործոն է լինելու իրենց շախմատի զարգացման համար: Այսօրինակ մեծ մրցաշարերը բխում են նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունից, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է շախմատի հանրայնացումը:
Մենք դրա ջատագովներն ենք: Հույս ունեմ, որ հաջողելու է այս մրցաշարը՝ հնարավորություն ստեղծելով արդեն ապագայում էլ ավելի մեծ ու հավակնոտ կերպով իրագործել այս ծրագիրը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Մրցաշարին մասնակցում են միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ։ Գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 11 միլիոն դրամ է։
Նախորդ անգամ Yerevan Open–ն անցկացվել էր 2017 թվականին, որի հաղթող էր դարձել 2015 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: