Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալ

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտները առավել խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ. վարակվելու դեպքում նրանք սովորաբար ավելի ծանր են տանում հիվանդությունը եւ ավելի հաճախ են բախվում անբարենպաստ ելքերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարության խորհրդատու սրտաբանության գծով, Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով, կորոնավիրուսը կարող է մեծ վտանգ ներկայացնել զարկերակային հիպերտենզիա, սրտային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն եւ մի շարք այլ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Մի կողմից, վիրուսը կարող է պաթոգեն ազդեցություն ունենալ սրտի վրա, վնասել այն, հանգեցնելով ինֆարկտի, առիթմիաների եւ այլ խնդիրների: Մյուս կողմից, կորոնավիրուսային վարակի ժամանակ օրգանիզում համակարգային փոփոխություններ են լինում, որոնք եւս կարող են բացասաբար ազդել սրտի աշխատանքի վրա:

Ավելին, մասնագետի խոսքով, պանդեմիայի սկզբում կորոնավիրուսային վարակի բուժման համար մասնագետները օգտագործում էին որոշակի դեղամիջոցներ, որոնք եւս բացասաբար էին ազդում սրտի աշխատանքի վրա:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ մշտապես գտնվել բուժող սրտաբանի հսկողության տակ:

Ինչպես նշեց Համլետ Հայրապետյանը, սիրտ-անոթային հիվանդությունները պատվաստման համար բացարձակ հակացուցում լինել չեն կարող, բայց երբեմն կարող են ժամանակավոր հակացուցում լինել. երբեմն հիվանդության սրացման ժամանակ ցուցված է հետաձգել պատվաստումը:

med.news.am