ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։
Դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են մեր մարտական դիրքերը (ապացույցը լուսանկարի տեսքով ներկայացված է ստորև)` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:
Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:
Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը: