Մենք ունենք շատ հին պատմություն,
Հազարամյա գեներ ունենք…
Ունենք անծայր համբերություն,
և Մոնումենտում տուն ու շենք…
Ունենք անհամար խաչքարեր՝
դրված երկրի ամեն բակում:
Ունենք երիկամում քարեր
և թանկարժեք քարեր բանկում:
Ունենք եկեղեցի և մոմ
Ու Աստված կանչելու մեծ փորձ…
Արդեն ունենք խելացի գոմ
և անասուններ՝ էգ ու որձ:
Ունենք շատ աղքատ հարուստներ
ԵՒ հարուստ աղքատներ անթիվ…
Ունենք խղճի մեծ պահուստներ
և ոչ սեյսմակայուն պատիվ:
Ունենք դատավոր ու նոտար,
Առողջ և փտած ատամներ…
Ունենք հարազատներ օտար
ԵՒ թշնամի բարեկամներ:
Ունենք ժողովուրդ տարագիր,
Լոս Անջելեսում անշարժ գույք…
ԵՒ Սերժ Թանկյանի անձնագիր…
և Քիմ Քարդաշյանի հետույք…
Ունենք և փող, և մեծ պարտքեր,
Ապրանք բերելու «կանալներ»…
Ունենք բանակ, ունենք զորքեր
և ստերջացված գեներալներ:
Ունենք երգեր, պարեր, արվեստ,
Ունենք մեծամիտ խառնվածք…
Ամենահին կոչված արհեստ էլ
մեր մեջ ունենք թաքնված…
Ունենք կենացների գրքեր
և գրքեր վառել ցանկացող…
Ունենք չսպիացող վերքեր
և Եռաբլուր մեծացող…
Ունենք խոստումների սարեր,
Բարերարների բազմություն:
Ունենք ընդդիմության տարրեր
ԵՒ իբր «կառավարություն»…
Ունենք «ազգի» նմանակում,
Իր նիստ ու կացով, ադաթով…
Ունենք վաճառվելու հակում՝
Երեսունից քիչ արծաթով:
Ունենք դևեր, ունենք «փրկիչ»,
Ունենք «առաջ» գնալու հենք…
Մենք ունենք գրեթե ամեն ինչ…
ՄԻԱՅՆ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ:
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից