Դերասան Հայկ Մարությանը Facebook-յան ասուլիսի միջոցով կարծես թե փորձեց վերջակետ դնել իր և Մկրտիչ Արզումանյանի միջև եղած հնարավոր տարաձայնության մասին խոսակցություններին, սակայն եղավ ճիշտ հակառակը` մի շարք հարցականներ և բազմակետեր:
«Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ»,-նշել է Մկոն Instagram-ի իր լուսանկարին կից ուղղված հարցադրումներին: Ապա դերասանը հավելել է. «Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Իսկ հետևորդներից մեկի դիտարկմանը, որ գուցե միայնակ հանդես գալն ավելի եկամտաբեր է, Մկոն արձագանքել է հետևյալ ձևով. «Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:
Կրկին նույն բազմակետերը վերջակետի փոխարեն: Մկոն, մարդկանց հարցերին պատասխանելով, ավելի շատ հարցականներ առաջ բերեց, քանի որ հերքելով այն փաստը, որ ինքը մերժել է կրկին համագործակցելու առաջարկները, Հայկոյին անուղղակի ձևով ստախոս անվանեց, իսկ միայնակ աշխատելու վերաբերյալ էլ տվեց շատ կանխատեսելի և ոչինչ չասող պատասխան` «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է: Բայց նման առաջարկ իրոք չի եղել)))) Ես կհիշեի հաստատ)))»:
Իսկ գաղտնիքը բացելու խնդրանքները նույնպես չմերժեց, սակայն մեկնաբանելով` կրկին ոչինչ չասող մեկնաբանություն տվեց.
«Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ»: