Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանին օգոստոսին հեռացրել են Մոսկվայի մարզի օլիմպիական մարզաձևերի Սպորտային պատրաստության կենտրոնից: Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Իլգար Մամեդովը։
«Օգոստոսի վերջին Յանա Եգորյանը հեռացվել է, քանի որ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևը համարել է, որ Մոսկվայի մարզին այդպիսի մարզիկ պետք չէ։ Յանային հաճույքով կընդունեն մյուս մարզերում, բայց նրա նվիրվածությունը Մոսկվայի մարզին հարգանքի է արժանի»,- գրել է նա։
Եգորյանը կարիերան ընդհատել էր 2020 թ․-ի հոկտեմբերին։ 2021թ․-ի մայիսին նա երեխա էր ունեցել:
«2021թ․-ի մայիսին Յանան մայր է դարձել և ընդմիջումից հետո վերսկսել է մարզումները։ Չենք ուզում դատախազությանը նամակներ ուղղել Յանային աշխատավայրում վերականգնելու մասին, կարիք չկա այդ «մասնագետներին» հիշեցնել մայրության պաշտպանության մասին, ուզում ենք նորմալ, մարդկային վերաբերմունք մեր մարզիկների և մարզիչների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ աշխատում են և մեդալներ են բերում մարզին և երկրին։ Եվ ուզում ենք, իհարկե, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, այն գործով, որից հասկանում է և գիտելիք ունի․․․ Բայց այդ մասին միայն երազել կարելի է»,- ավելացրել է Ռուսաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահը։
Յանա Եգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մամեդովին, որ պայքարում է իր իրավունքների համար և ամեն ինչ անում իրեն մեծ սպորտ վերադարձնելու համար։
Հիշեցնենք` Յանա Եգորյանը ծնվել է 1993թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում, Մարինա Եգորյանի և Կարապետ Ալավերդյանի ընտանիքում։ Վերջինս հայ հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի որդին է:
Մինչև վեց տարեկանը Յանան ապրել է Երևանում, որից հետո մոր հետ տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաք։ Այնտեղ 10 տարեկանում սկսել է սուսերամարտով զբաղվել։
Եգորյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում: Մարզուհու նվաճումների շարքում են աշխարհի առաջնությունների երկու ոսկե մեդալներ, ինչպես նաև վեց հաղթանակ Եվրոպայի առաջնություններում:
2018-ի հունվարին նա դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը նախագահական ընտրություններում: