Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի։ ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախագծով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները:
Թռչունյանը պարզաբանեց՝ այսպիսով ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի ոչ միայն այդ կարգավիճակով ընդունվածներին, այլ նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը: Սա ֆիքսվում է, որ տարընկալում չլինի:
Թռչունյանը տեղեկացրեց, որ այս տարի նման կարգավիճակով 30 հոգի են ընդունվել բուհեր: