Փակեք ուսումնական հաստատությունները, հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այլեւս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։ Նախօրեին 42 մահ։
Չէ, իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ապրե՞լ, թե՝ ոչ, ինքնասպա՞ն լինել, թե՝ ոչ, դառնալ քո հարազատի վարակի ու մահվան պատճա՞ռը, թե՝ ոչ։
Ինձ դժվար, գրեթե անհնար է ինչ-որ բանում համոզելը, եթե ես այդպես չեմ մտածում, ինչ-որ բան պարտադրելը, ինչ-որ մեկի լոբբինգն անելու մեջ մեղադրելը։
Ես հասկանում եմ, որ պատվաստվելը, այո, նաեւ ռիսկ է։ Բայց ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իմ հարազատների ու սիրելի մարդկանց կյանքի համար, ովքեր կարող են պարզապես մահանալ, եթե չունեն ամուր իմունային համակարգ։
Հունիսին պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո օգոստոսի վերջին ես հիվանդացա քովիդով։ Բայց` թոքերի զրո ախտահարում ու թեթեւ ընթացք։
Հնարավո՞ր են պատվաստումից հետո վարակի եւ մահվան դեպքեր։ Այո, հնարավոր են։ Սակայն կա հստակ վիճակագրություն՝ մահերի 99.9 տոկոսը չպատվաստվածներն են։
Ինչո՞ւ որոշեցի խոսել այս մասին։ Շատ պարզ։ Քովիդը Հայաստանում այլեւս անկառավարելի չափերի է հասնում՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է անգամ հեռավոր մարզերում, (չնայած պարզ չի, թե ինչ եղան մարզահամերգային համալիրի VIP հիվանդասենյակները), մարդիկ մահանում են, մարդիկ պատճառ են դառնում իրենց հարազատների մահվան։
Էս ընթացքում իշխանության ջեբի օլիգարխը իր մեգա-դյուքանում հարյուրավոր մարդկանց հավաքել՝ փարթի է անում, ու ամեն բուդկում անդիմակ քաղաքացուն տեռոր անող իշխանությունը մեգա-դյուքանի փարթին չի տեսնում։
Ինչո՞ւ քաղաքացին չի վստահում պատվաստմանը։ Որովհետեւ քարոզչությունը տարվում է գեղի կլուբի մակարդակով։ Որովհետեւ մարդուն չի բացատրվում, որ եթե անգամ մեռնելը իր ընտրությունն է, ապա մյուսների մահվան պատճառ դառնալը չի կարող իր հոբբին լինել։
Ես կոչեր անելուց զզվում եմ, բայց այլեւս անկառավարելի այս վիճակում հրատապ է բոլոր ուսումնական հաստատությունները կրկին տեղափոխել հեռավար ուսուցման ռեժիմի ու եթե լինի անհրաժեշտություն, այո, մի ինչ-որ ժամանակով կրկին լոքդաուն պիտի հայտարարվի ու էդ ընթացքում աշխատող քաղաքացիները պիտի վճարվեն, ինչպես հենց հիմա արվում է ՌԴ-ում։
Իսկ ով ուզում է հերոսաբար մեռնել՝ դա, իհարկե, իր իրավունքն է, բայց էդ հերոստրատներին ոչ ոք իրավունք չի տվել դառնալու մեկ այլ մարդու մահվան պատճառ։
Դա արդեն չպիտի լինի իր իրավունքը։
Հա, ու չեղարկեք պաշտոնյաների չպատվաստվելու իրավունքի իդիոտիզմը»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։