Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ին զանգահարել է 31-ամյա կին և հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել և տեղափոխում են հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել հիշյալ անձը և նշել, որ ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ սայթաքել և ընկել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 9-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդավական փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել և վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: Հունվարի 10-ին վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: