Իրական հիմքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզներն են
Advertisement 1000 x 90

Իրական հիմքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզներն են

Նման նուրբ հարցի շուրջ գործնական աշխատանքներ կատարելու համար նախ պետք է ապահովել իրավական հիմքերը, այս դեպքում խոսքն իրավապայմանագրային ուժ ունեցող քարտեզների մասին է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» կոնֆերանսում արդեն հայտարարել է, որ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ներքին սահմանազատման քարտեզները ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում են: Այստեղ է, որ ծագում է հիմնական հարցը: Ռուսական գլխավոր շտաբում, բնականաբար, կան տարբեր ժամանակների քարտեզներ, իսկ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ է ընտրել դրանցից մեկը:

Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման միակ գործընթացը սկսել է իրականացվել 1925-26 թթ. եւ ավարտին է հասցվել 1929-ին: Դրանից հետո տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց հիմքերը շատ դեպքերում չկան, եւ եղածներն էլ տրամաբանական չեն: Այլ կերպ ասած՝ դրանից հետո հիմնականում ի վնաս խորհրդային Հայաստանի տարածքների կատարված փոփոխությունները վիճարկելի են, հետեւաբար՝ տրամաբանական կլինի, որ առանց այն էլ ներկայիս առկա վիճահարույց սահմանների սահմանագծումն իրականացնելու բանակցությունների հիմքում դրվի դեմարկացիայի նախնական տարբերակը, որպեսզի որոշ չափով նվազեցվեն վիճարկվող հարցերը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ երեք երկրների փոխվարչապետերի ձեւավորած եռակողմ աշխատանքային խումբը, որպես բանակցությունների մեկնարկի հիմք, քննարկում է քարտեզի ընտրության հարցը եւ, բնականաբար, դիտարկվում է նաեւ սահմանազատման հիմք ունեցող միակ քարտեզի՝ 1929 թ. գծվածի ընտրության տարբերակը: Նրա խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, բայց դրա համար կարեւոր մոտեցումներից են նաեւ երկու երկրների զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում սահմանապահ զորքերի տեղակայումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀ բյուջեի 2022 թ. նախագիծը ներկայացնելիս հայտնեց. «Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն, եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմանին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: ՀՀ-ի տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»: ՀՀ վարչապետը, փաստորեն, գործընթացի մեկնարկի եւ սահմանին միայն սահմանապահ զորքեր տեղակայելու համար, որպես պայման, մատնանշեց Ադրբեջանի կողմից սահմանը չխախտելը եւ զորքերը հետ քաշելը:

Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում սահմանը պետք է ուղղվի, որոշներում էլ՝ փոխզիջումներ արվեն: Սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցը ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքին խումբը քննարկում է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում: Պետությունների փոխվարչապետերի մակարդակով ձեւավորված աշխատանքային խումբն արդեն 8 հանդիպում է անցկացրել: Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը, եւ արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես խմբի նիստերի արդյունքներով: Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի համատեքստում արդեն կա դրական տեղաշարժ, եւ այն պակաս էական չէ:

Բանն այն է, որ, հասկանալով պահանջի փակուղային բնույթը, Ադրբեջանը հետ է կանգնել այն նախապայմաններից, թե սահմանազատումը պետք է պայմանավորվի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում: Այսօր Արցախի կարգավիճակի հարցը տարանջատվում է սահմանազատման գործընթացից, ինչն առաջընթացի միակ նախադրյալն է, հակառակ դեպքում Արցախի կարգավիճակի հետ միասին դիտարկելու փորձն անժամկետ կհետաձգեր այն:

hhpress.am



Նման նյութեր