«Հեքիաթային» տնտեսություն
Advertisement 1000 x 90

«Հեքիաթային» տնտեսություն

Ներկայացնում ենք տնտեսագետ Աշոտ Խորշուդյանի Facebook-յան գրառումը.

Վարկերի մասին

Երբ միջոցներդ չի հերիքում, սակայն շուրջ բոլորդ ապրանքներ են, որոշում ես մտնել վարկային կ̶ո̶կ̶ո̶ս̶ի̶ անցքով։ Սակայն անցքը քո համար նեղ է, ու մի կերպ խցկվում ես ու ընկնում սպառողական դրախտ, սկսում ես վայելել մ̶ի̶ջ̶ո̶ւ̶կ̶ն̶ ̶ո̶ւ̶ ̶ք̶ա̶ղ̶ց̶ր̶ ̶հ̶յ̶ո̶ւ̶թ̶ը̶։ Բայց գալիս է վարկային կ̶ո̶կ̶ո̶ս̶ի̶ անցքից դուրս գալու ժամանակը, պարզվում է տոկոսները խեղդել են, անհնար է դուրս գալ։ Մնում է քչացնել սպառումդ, քաղցել ու ն̶ի̶հ̶ա̶ր̶ե̶լ̶, որ կարողանաս անցքից մի կերպ դուրս գալ։

ՀԳ
Մուլտիֆլմը վերավարկավորման մասին է, այն ավելի վտանգավոր է, հետո տունդ ձեռքիցդ առնում են տ̶ո̶ւ̶ն̶ ̶է̶լ̶ ̶չ̶ե̶ս̶ ̶կ̶ա̶ր̶ո̶ղ̶ա̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶մ̶տ̶ն̶ե̶լ̶։

ՀՀԳ
Դեմիրճյանի այս գործը ֆինանսական գլուխգործոց է՝ հագեցած մեր վախի մշակույթով։ Անցք մտնելը վտանգավոր չի, եթե ճիշտ հաշվարկել գիտես։ Ռիսկի դիմելն իրականում լավ բան է, առանց դրա զարգացումը դժվար է, բայց միայն հաշվարկած ռիսկ։

«Պույ-Պույ մուկիկը»
Դ. Դեմիրճյան

Մի երկիր կա` Հնդստան,
Մի մուկիկ կար` ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում:

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
Ու մի օր լավ, մի օր վատ`
Ուներ ապրուստ քիչ թե շատ:

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցորնի հատ:
Ուտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում:

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը Ճստունի,
Լացը` վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի:

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
Ու մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն-իրեն միտք արեց.

«Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ»:

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ
Ընկավ նրա առաջին:-
Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին:

Կաղնի տեսակ, սեխի չափ,
Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն է ցավալի…

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց:

Ու կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ո՞նց անի,
Ու սկսեց վույ-վույը:

«Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր»:

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հիմի էլ
Ծակից մտնել էր ուզում:

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում,

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլնի մուկիկը…
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում:

Էսպես լացեց, սուգ արեց,
Էնքան լացեց, սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց:

Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս:

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը:

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կե’ր միջուկը, հյութը խմի’ր:

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում.
«Ինքս Պույ-պույ, պարս` տույտույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ»:

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինպես կլինի:

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դարձավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ:

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա:

«Լավ էր, կերանք բավականին,
Հիմի գնանք մենք մեր բանին»:
Հեշտ էր ասել… Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր:

Մոտեցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜… Տեսավ ճամփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր…
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր…

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը:

Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում:

«Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ:

Ախր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր` լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր, լավ չէ՞ր, հը՞…

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,-զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար»:

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց:-
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս:

Վա’հ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց… Այ, նայիր, էս ես` մուկը,
Էն` կոկոսը, էն` միջուկը:

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ «վայ», էլ ի՞նչ «վույ-վույ»,
Տո՛, քե’ֆ արա, օխա՛յ, օխա՛յ,
Դե պա’ր արի, տարա՜յ-նի-նա՜յ…

Հա՛մ թռչում է, հա՛մ պարում է,
Հա՛մ երգում է, հա՛մ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարայ-նի-նի՜.
Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի:



Նման նյութեր