Մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը հեռավար ուսուցում կիրականացնեն, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով: Որոշումը ԿԳՄՍ նախարարությունը կայացրել է՝ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդացության կտրուկ ավելացման միտումը:
Նախարարությունը գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին` անցնելու հեռավար ուսուցման:
Աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար կերկարաձգվեն մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ:
Ծնողներից ոմանք այս որոշումը կարևոր են համարում, ոմանք՝ ոչ:
«Օրը մեջ թող երեխաները հաճախեն դպրոց, հեռավարն ահավոր է: Իսկ դասարաններում հսկողություն պետք է լինի, որ վատառողջ երեխաները չհաճախեն դպրոց: Արդեն իսկ բացասական անդրադարձը զգացվում է անցած տարվա առաջին դասարանցիների վրա, որ հիմա իբր թե երկրորդ են փոխադրվել։ Սենց ինչքա՞ն պիտի շարունակվի, չէ՞ որ հետո ուշ կլինի, մենք չենք կարող վերականգնել կորցրածը»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Ինչ վերաբերում է բուհերին՝ որոշումից ավելի շատ գոհ են հատկապես աշխատող ուսանողները. ասում են՝ և՛ կաշխատեն, և՛ առցանց կհետևեն դասերին:
«Թերությունն այն է, որ հեռավարի դեպքում դժվար է հաղորդակցվել դասախոսի հետ: Նույն ձևով գիտելիք չես ստանում, ինչպե՞ս կարող ես անմիջական շփման ժամանակ ստանալ: Մինուսներից մեկն էլ այն է, որ 80-ամյա դասախոսի համար դժվար է համակարգչով աշխատել»,- ասաց ԵՊՀ-ում սովորող 19-ամյա Մելինեն:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը համոզված է՝ այս փոփոխություններն ազդելու են կրթության որակի վրա:
«Հաստատ ազդելու է, ու դրա փորձը մենք ունենք: Այն կորուստը, որ ունենում ենք դասերը հեռավար անցկացնելու ժամանակ, հետո դա վերականգնելուց ահագին ժամանակ ենք ծախսում: Կար պահանջ, որ այն դասարաններում, որտեղ աշակերտների 10 տոկոսն է վատառողջ, անցնեն հեռավարի, բայց ամբողջությամբ անցնելը, ինձ թվում է՝ սխալ է, որովհետև կրթության որակն էապես տուժելու է, և վերականգնելու համար շատ ջանք ու միջոցներ պետք է ծախսենք, դրա համար չարժե այսպես շարունակել: Ամենաշատ տուժածը դառնում է կրթության ոլորտը»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Հավելենք, որ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք, արվել է 13 696 թեստավորում, կա 714 առողջացած, 39 մահվան դեպք:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 60 երեխա հոսպիտալացված է:
«Երեխաների վիճակը, ի տարբերություն մեծահասակների՝ ավելի բարվոք է, մի քանիսի վիճակը ծանր է՝ կապված ուղեկցող հիվանդությունների հետ: Կան միջին ծանրության դեպքեր, որոնք կառավարելի են: Տարիքային խումբը սկսած ամսականից՝ մինչև 16, 17 տարեկանն է: Հոսպիտալացվածների մեջ մինչև 1 տարեկանների թիվն է շատ, ինչը բնական է, որովհետև յուրաքանչյուր շնչառական վարակի դեպքում մինչև 1 տարեկանների թիվն ավելի շատ է, քան 4-5-ինը»,- հայտնել էր Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը:
Անի Կարապետյան